Ինչպես հայտնի է, ամեն տարի Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Փաշինյանը որևէ անշարժ կամ շարժական գույք չունի։
Փաշինյանը նույնիսկ վարկառու է համարվում:
Խեղճ մարդը, փաստորեն, միայն աշխատավարձի հույսին է մնացել:
Սակայն դա՝ միայն պաշտոնական տվյալների համաձայն:
Իսկ հիմա փորձենք հաշվել, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան գումար կարող է աշխատել, եթե հաշվի առնենք այն, որ նա տիրապետում է այնպիսի բյուջետային գումարների, որոնք հաշվետվության տակ չեն, օրենքի համաձայն:
Նախ, Փաշինյանն ունի հնարավորություն՝ ստանալ եկամուտներ, որոնք օրենքով պարտավոր չէ ներկայացնել, թե՛ աղբյուրը, թե՛ քանակը:
Իսկ հիմա հասկանանք, թե ինչ հնարավորություններ ունի Փաշինյանը եկամուտներ ստանալու՝ առանց հանրությանը հաշվետվություն ներկայացնելու:
Վերջին ութ տարիների ընթացքում, վարչապետի աշխատակազմի կարիքների համար կհատկացվել է տարեկան 60-65 միլիոն դոլարի չափով գումար:
Ընդ որում, տարեց տարի, չնչին բացառությամբ, այդ գումարները ավելացել են:
Օրինակ, 2025 թվականին, վարչապետի աշխատակազմի կարիքների համար պետական բյուջեից հատկացվել է 24.3 միլիարդ դրամ։ Եթե հաշվենք, որ միջինը այդ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը եղել է մոտ 385 դրամ, ապա կստացվի, որ անցյալ տարի, Փաշինյանի աշխատակազմի համար բյուջեից վճարվել է ավելի քան 63 մլն դոլար:
Դրա նախորդ՝ 2024 թվականին, գրեթե նույն չափի գումար է ստացել Փաշինյանի աշխատակազմը:
Այս տարի, 2026-ին Փաշինյանի աշխատակազմի կարիքների համար հատկացվել է 25,804 միլիարդ դրամ: Աճը (2025 թվականի համեմատ 1.5 միլիարդ դրամ) պայմանավորված է Երևանում խոշոր միջազգային միջոցառումների կազմակերպմամբ և լաբորատոր անվտանգության լրացուցիչ փորձարկումներով:
Այդպես է ձևակերպված պաշտոնապես:
Այսինքն, այս տարի Փաշինյանի աշխատակազմը ծախսելու է մոտ 66 մլն դոլարի չափ գումար:
Քի՞չ է դա, թե՞ ոչ, փորձենք համեմատել դա այլ երկրների հետ:
Օրինակ, Փաշինյանի աշխատակազմի վրա ծախսվում է ավելի շատ գումար, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցրած։ Իսկ եվրոպական այդ երկրների թագավորական ընտանիքները սովոր են ճոխ ծախսեր անել:
Այսինքն, Փաշինյանն իրեն զգում է ավելի շատ թագավոր, քան վերը նշված եվրոպական երկրների թագավորներն են:
Հետաքրքիր է, որ եթե Փաշինյանն ու իր աշխատակազմը տարեկան ստանում են մոտ 63-66 մլն դոլարի չափ գումար, ապա, օրինակ 2025 թվականի բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 1.6 միլիարդ դրամ, իսկ Ազգային ժողովի բյուջեն կազմել է 7.07 միլիարդ դրամ: Այսինքն, նախագահի աշխատակազմը ստացել է մոտ 4.1 մլն դոլար, իսկ ԱԺ-ն՝ մոտ 18 մլն դոլարի չափ գումար:
Փաստորեն, Փաշինյանն իր ծախսերի չափը համարում է, որ պիտի լինի մոտ 3.5 անգամ ավելի շատ, քան ԱԺ-ինը և մոտ 16 անգամ ավելի շատ, քան՝ նախագահի աշխատակազմինը:
Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի շեյխական պատկերացումների մակարդակը:
Չկա որևէ լուրջ հիմնավորում, թե ինչու գործադիր մարմինը պիտի ստանա օրենսդիր մարմնից ավելի քան 3 անգամ շատ գումար:
Սակայն ամենավատը այն է, որ այդ ծախսերի մեծ մասը գաղտնի տողով են և հաշվետվության ենթակա չեն, օրենքով:
Իսկ եթե ավելի մանրամասն ուսումնասիրեն այդ ծախսերի տողերը, ապա հետաքրքիր փաստերի կարելի է հանդիպել:
Օրինակ, 2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջազգային ուղևորությունների համար նախորդ տարվա համեմատ երկու անգամ ավելի շատ գումար է հատկացրել։
2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմը ծախսել է 3,294,375 դրամ (մոտավորապես 8,556 դոլար): Դրանից 958,735 դրամը (2,490 դոլար) ծախսվել է օրապահիկի, իսկ 2,335,640 դրամը (6,066 դոլար)՝ ավիատոմսերի վրա։
Այսինքն, եթե դիտարկենք նաև այլ տողերը, որոնք գաղտնի չեն, ապա կստացվի, որ այդ 63-66 մլն դոլարից չնչին մասն են կազմում իրական ծախսերը:
Եթե դրան ավելացնենք նաև աշխատողների աշխատավարձերի չափը ապա այդ ողջ գումարը նույնիսկ այդ 66 մլն դոլարի կեսի չափ չի հասնի:
Հարց է առաջանում. իսկ ինչի՞ վրա է ծախսվում Փաշինյանի աշխատակազմի բյուջեի մնացած մասը, որը կազմում է ընդհանուրի մեծ մասը:
Այդ հարցի պատասխանը կստանանք, երբ հունիսի 7-ին իշխանությունը փոխվի և հանրությունը հնարավորություն ունենա գաղտնազերծել այդ մնացած բյուջեի ծախսային մասը:
Եթե հաշվենք, որ Փաշինյանն ու իր աշխատակազմը 8 տարվա ընթացքում ստացել են մոտ 480-500 մլն դոլարի չափ գումար, ապա դրա առնվազն կեսը, այսինքն մոտ 240-250 մլն դոլարի ծախսային մասը ծախսվել է հանրությանն անհայտ ձևով:
Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն իր քիթը մտցնում է երկրի բյուջեի ծախսերի գրեթե բոլոր տողերի մեջ, ապա կարող ենք պնդել, նրա կառույցում բացի իրենից որևէ մեկը չէր կարող առանց իրեն ծախսեր կատարել:
Իսկ դա նշանակում է, որ ողջամիտ կասկածներ կան, որ այդ 240-250 մլն դոլարի ծախսերը կարող էին կատարվել Փաշինյանի անձնական շահերի սպասարկման համար:
Բացի այդ, ութ տարիների ընթացքում, Հայաստանի արտաքին պարտքը աճել է մոտ 8 մլրդ դոլարի չափ:
Սակայն հանրության համար տեսանելի չեն, թե այդ գումարները ինչի վրա կարող էին ծախսվել:
Ճանապարհաշինության ծավալները ցույց են տալիս, որ այս ոլորտում, եթե ենթադրենք, որ բացառապես վարկերով է կատարվել, ամենաշատը կարող էր ծախսվել մի քանի հարյուր միլիոն դոլար:
Ո՞ւր են մնացած գումարները, պարոն Փաշինյան:
Նա պնդում է, թե մարդկանց աշխատավարձները, թոշակները, պարգևավճարները տրվում են հարկերից:
Այդ դեպքում որտե՞ղ են ծախսվել այդ 8 մլրդ դոլարի չափ գումարները, որը Հայաստանը որպես վարկ վերցրել է այլ երկրներից և միջազգային կառույցներից:
Եթե ամփոփենք ապա կարող ենք ֆիքսել, որ Փաշինյանն անձամբ պետք է հաշվետվություն ներկայացնի, թե որտեղ է ծախսվել այդ 8մլրդ+240 մլն չափ գումարները, որոնք հայ հանրությունը այդպես էլ չի տեսել:
Եվ այս ամենից հետո Փաշինյանի հոխորտանքները, թե՝ ազգայնացնելու է այլ անձանց սեփականությունները, փարիսեցիական են հնչում:
Քանզի հայ հանրությանը հետաքրքիր է, թե ինչպես է մինչև 2018 թվականը աղքատ Փաշինյանն այսօր համարվում կամ ընկալվում որպես՝ դոլարային միլիարդատեր:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am