Նիկոլ Փաշինյանի օգտագործած բառամթերքի մասով «Անկախ դիտորդը» կդիմի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Երիտասարդական ակումբների դաշինքը» (ԵԱԴ) դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընդդեմ «Անկախ դիտորդ» դիտորդական խմբի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի։

Ըստ դիմումատուի՝ դիտորդները պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտեն ընտրական գործընթացը և չազդեն դրա մասնակիցների վրա, ինչը ենթադրում է նաև չեզոքության և անկողմնակալության պահպանում։ Սակայն մի շարք հանգամանքներ ողջամիտ կասկածներ են առաջացրել «Անկախ դիտորդ»-ի կողմից այդ սկզբունքները պահպանելու վերաբերյալ։

ԿԸՀ-ն մայիսի 19-ին կայացած նիստում քննարկեց դիմումը, ու ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց ԵԱԴ-ի բողոքը։

Նիստին մասնակից Դանիել Իոաննիսյանը նշեց, որ բնականաբար, երբ դիտորդը կանխում է խախտումը, ապա դա կարող է մի ուժի շահերից չբխել, իսկ մեկ այլ ուժի շահերին կողմ լինել։ «Սա չի նշանակում, որ դիտորդները կողմնակալ են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

ԿԸՀ-ն մերժեց Իոաննիսյանի անաչառությունը վիճարկող դիմումը։

Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Դանիել Իոաննիսյանը մասնավորապես նշեց, որ ԿԸՀ դիմումը դիտորդական առաքելություն իրականացնող մի ՀԿ-ի կողմից էր, որի դիտորդներից մեկը «Հայաքվե»-ի դեմքերից է։ «Իսկ «Հայաքվե»-ն հուշագիր է ստորագրել «Ուժեղ Հայաստան»-ի հետ, ու սա որևէ պարագայում չի կարող չեզոք ընկալվել։ Ինչ վերաբերում է մեր չեզոքությանը, ապա մեր գործունեությանը չի կարելի վերաբերել էպիզոդիկ, այլ պետք է նայել գլոբալ։ Մենք այն կազմակերպությունն ենք, որը շատ է խոսում տարբեր ուժերի կատարած խախտումների մասին, այդ թվում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, ու մեր անաչառությունը չի կարելի կասկածի տակ դնել»,- ասաց Իոաննիսյանը։

Վերջինիս հավաստմամբ՝ «Անկախ դիտորդ»-ը պատրաստվում է դիմել կոռուպցիայի կանխարգելման կենտրոն՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտագործած բառամթերքի հիմքով վարույթ հարուցելու հարցով։

Ատելության խոսքով ընթացող քարոզարշավ՝ այսպես բնութագրեց ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական քարոզարշավը Դանիել Իոաննիսյանը։ «Դեռ չեն հատել քրեական օրենսգրքով նախատեսված սահմանը, ուստի, բացի քննադատելուց՝ այս պահին այլ բան չենք կարող անել»,- ասաց նա։

Ըստ Իոաննիսյանի՝ ցանկացած բռնություն բացասական է։ «Ինչ վերաբերում է Արթուր Օսիպյանին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը անհարկի էր։ Նա եկել էր վարչապետին քննադատական խոսք ասելու, որին ի պատասխան ստացել է արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ»,- ասաց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, նախօրեին՝ մայիսի 18-ին, նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի հարց հղեց Նիկոլ Փաշինյանին, ինչը վերածվեց վիճաբանության։

Դանիել Իոաննիսյանի ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment