Քաղաքականություն
11.11.2026 | 13:14
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է Կալինինգրադի մարզում Լեհաստանի երկու քաղաքացու ձերբակալության մասին, որոնց հատուկ ծառայությունը որակել է որպես Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության ծառայության և Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության գործակալներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱԴԾ-ի վարկածով՝ նրանք տեղեկություններ են հավաքել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության օբյեկտների և զինծառայողների, ինչպես նաև Կալինինգրադի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տարածաշրջանում միգրացիոն և սոցիալական քաղաքականության վերաբերյալ։
ԱԴԾ-ի հաղորդագրությունից նաև հետևում է, որ նրանց հետ կապ են պահպանել Լեհաստանի յոթ և Ռուսաստանի երեք քաղաքացիներ, որոնց նկատմամբ կիրառվել են «պաշտոնական նախազգուշացումներ»։
«Կալինինգրադի մարզը, իր աշխարհագրական դիրքի և ռազմական ու սահմանային ենթակառուցվածքների բարձր կենտրոնացվածության պատճառով, առանձնահատուկ զգայուն սուբյեկտ է»,- ասել է ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Վարշավայից ոչ հեռու՝ Մինսկ-Մազովեցկիում, Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացիների, որոնց մեղադրում են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով տեղեկություններ հավաքելու և մի քանի ավտոմեքենա հրկիզելու մեջ։ Իշխանությունների փոխանցմամբ՝ նրանք իրենց մեքենաները քողարկել են՝ օգտագործելով այնպիսի համարանիշեր, որոնք սովորաբար կիրառվում են ուկրաինացի զինվորականների կողմից։ Ռուսաստանն այս հայտարարությունները չի մեկնաբանել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի