Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը Factor TV-ի եթերում ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթները՝ իշխանության գալու դեպքում իրականացվելիք առաջին քայլերից մինչև ռազմավարական նշանակության տնտեսական և կրթական նախագծեր։ Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ի առաջարկած խաղաղության օրակարգը երբեք չի ենթադրել ինքնիշխանության և արժանապատվության կորուստ։
Պատասխանելով այն հարցին, թե որոնք կլինեն ՀԱԿ-ի առաջին երեք քայլերն իշխանության գալուց հետո առաջին 100 օրում, Արամ Մանուկյանը նշել է.
Ներքին հանդուրժողականություն և համերաշխություն․ «Ամենաառաջին խնդիրը՝ Հայաստանը պետք է ներքին հանդուրժողականության խնդիր լուծի, որովհետև այսպես ճղատված հասարակությունով արտաքին մարտահրավերների դեմ չես կարող առնել։ Այսինքն, ներսում սև ու սպիտակի, եկեղեցու դեմ պայքարը, բանակի, զինվորականների դեմ պայքարը՝ այդ բոլորը պետք է վերացվի։ Ներում ենք բոլորին ամեն ինչը։ Ներումը հասարակություն կառուցելու, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու լավագույն միջավայրն է»։
Բալանսավորված արտաքին քաղաքականություն․ «Մեզ խիստ անհրաժեշտ է այս թոհուբոհի մեջ լուրջ հարաբերություններ ստեղծել Արևելքի և Արևմուտքի միջև՝ բալանսավորված, հավասարակշռված։ Բոլորս շատ լավ գիտենք, որ Արևելքը զարգանում է թռիչքաձև։ Արևելքի հետ, նկատի ունեմ Իրան, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստան։ Այս երկրների հետ ռազմավարական դաշինքներ պետք է կնքվեն, տնտեսական դաշինքներ, որը կհավասարակշռի կամ կբալանսավորի մեր արևմտյան վեկտորը»։
Իրան-Հայաստան երկաթուղի․ «Կարևորագույն մեր խնդիրը, որը նորություն է, որը ոչ մի ուրիշը չի ասում, Իրանի հետ կապվող մեր երկաթուղու ծրագիրն է։ Սա դարի կառույց է, ես կարող եմ համարել։ Մեծագույն կառույց, որը կարող է կապել Արևելքը Արևմուտքի հետ և Հյուսիսը՝ Հարավի հետ։ Ստեղծվում է հաբ Սյունիքում՝ տնտեսական, տրանսպորտային հաբ, որի բարգավաճման համար շահագրգռվածություն կարող են ունենալ Իրանը, Հնդկաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, և մյուս կողմից էլ՝ Եվրամիությունը, Թուրքիան, Միացյալ Նահանգները»։
Արձագանքելով դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունների խաղաղության օրակարգը նման է այն ամենին, ինչի մասին տարիներ շարունակ խոսել է ՀԱԿ-ը, Մանուկյանը կտրականապես հերքել է նմանությունը. «Մեր ասած խաղաղությունը, որ անընդհատ մենք ասել ենք և անընդհատ տուժել ենք այդ խաղաղությունն ասելու պատճառով, բացարձակապես ուրիշ է եղել։ Այնտեղ ինքնիշխանության կորուստ մենք չենք ունեցել, սովորական արժանապատվության կորուստներ չենք ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններում կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Եթե դու գերիներ ունես, եթե քո դեմ կան պայմաններ, որ դու պետք է հռչակագիրը հանես, անկլավները հանձնես, նոր սահմանազատում անես՝ արդեն ազատագրված տարածքներդ տաս, հայցերդ եվրոպական դատարաններից հետ վերցնես, դասագրքերդ փոխես, եկեղեցիդ ջարդես, սա այն խաղաղությունը չի, որը կուզեինք կամ հնարավոր էր ունենալ։ Սա նվաստացում է։ Այսինքն, մենք տալիս ենք այսօր այնքան, որքան չենք պարտվել»։
Արամ Մանուկյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության կրթական քաղաքականությունը, մասնավորապես՝ դպրոցների խոշորացման ծրագիրը և «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, որն անվանել է «բլեֆ» և «պատրանք»։ Նա ներկայացրել է այսպիսի վիճակագրություն.
«Հայաստանում 6-ից 19 տարեկան երեխաների թվից 110 հազար երեխա դպրոցից դուրս է։ Ամեն վեց երեխայից մեկը դպրոց չի գնում։ 229 դպրոց փակվում է Հայաստանում։ Եթե այս երեխաները դպրոցում լինեին, դպրոցը չէր փակվի։ Երբ որ սահմանապահ գյուղերը դատարկվում են, իսկ այս 220 դպրոցը փակվելու դեպքում դա կազմում է 600 կմ, այս սահմանամերձ տարածքները գյուղերի դատարկումով հետ են քաշվում։ Այդ տարածքները չեն մշակվում։ Սա արդեն գալիս է ազգային անվտանգությանը»։
Որպես լուծում՝ ՀԱԿ-ն առաջարկում է ոչ թե աշակերտին տանել դպրոց, այլ «ուսուցչին ուղարկել աշակերտի մոտ»՝ սմարթ դասարանների, հեռավար ուսուցման և այլ մեխանիզմների միջոցով, որպեսզի երեխան մնա իր գյուղում։
Մանուկյանը ներկայացրել է իրենց մոտեցումը ջրային ռեսուրսների կառավարման հետ, որը, ըստ նրա, կանխելու է ապագայում ջրի համար սպասվող պատերազմները։ «Մենք առաջարկում ենք ստեղծել ջրի կառավարման նախարարություն և ունենալ «ջուր բռնելու» ծրագիր։ Հայաստանի ջրի պաշարների միայն 30%-ն է մնում Հայաստանում։ Արփա-Սևանի ջուրը ամբողջությամբ բացում ես, այդ ջուրը գալիս լցվում է Սևան։ Նույնքան ջուր, ինչքան մտնում է Սևան, այդքան ջուր Սևան-Հրազդան կասկադով դուրս է գալիս, որը և՛ էներգետիկ հնարավորություն է շատացնում, և՛ այդ ջուրը ջրանցքով գալիս է, լցվում է դեպի Եղվարդի կառուցվող ջրամբարը։ Եղվարդի ջրամբարը, որը 30 տարի է սարքվում է, դա Հայաստանի երկրորդ հզոր ջրի պահուստն է։ Այդ ջուրը կուտակվում է, և այդ ջուրը կարողանում է սպասարկել մոտավորապես 60 հազար հեկտար հող։ Այսինքն, այդ ամբողջ տարածաշրջանը՝ Աբովյանը, Հրազդանը, Արմավիրը, Եղվարդի շրջանը, լրիվ դառնում է ոռոգելի, և այդ ջուրը մնում է Հայաստանում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան