Թշնամանքի սերմանումը թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայել է․ Արա Պուլուզյան

Վերջին օրերին արցախցիների հանդեպ ընդգծված և խորը ատելությունը   գործող իշխանության քարոզարշավի ընթացքում ակնհայտ է: Ատելությունն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ իշխանությունների կողմից նման խոսույթը. «Ապառաժ»-ի հարցին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:

Խստիվ դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխող քաղաքական ուժի կողմից ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի և արցախահայության հանդեպ սփռվող ատելության ու անբարո խոսույթը։

Հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամանքի սերմանումը այլ բան չէ, քան մեր թշնամի թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայելը։ Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում ունեցել է թե՛ հաղթանակներ, թե՛ պարտություններ։ Հաղթանակները ձեռք են բերվել միասնության, ներքին համերաշխության և ազգային միասնականության մթնոլորտում։

Հայոց պատմությունը լի է օրինակներով, երբ պատմության աղբարկղն են նետվել պառակտիչներն ու օտարի խամաճիկ դարձած անողնաշար անձինք։

Այս ընտրական քարոզարշավի թեժ օրերին մի քանի ձայն մուրալու ակնկալիքով հայի ինքնության և արժեքային համակարգի դեմ սանձարձակված խոսելաոճն ու աղիողորմ պահվածքը թուլության և անարժանապատվության ապացույց են։

Երբ Բաքվի բանտերում հայ գերիներն ու պատանդներն իրենց հաղորդագրություններով ապացուցում են իրենց քաջությունն ու արժանապատվությունը, Երևանի կենտրոնում և տաքուկ անկյուններում տեղավորված անձանց նման կեցվածքը պատվաբեր չէ, այլ՝ ամոթալի։ Ցավալին այն է, որ աշխարհը ականատես է այս ժխտողականության և դասալքության դրսևորումներին։

Համոզված ենք, որ արցախյան հիմնահարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը։ Այն ոչ միայն հայրենիքի վերակերտման հարց է, այլև ինքնության պահպանման և արժանապատիվ ապրելու առանցք։

Վստահ ենք, որ հայ ժողովուրդը ճիշտ ընտրությամբ կկարողանա ուղղել կքած մեջքը, որդեգրել սևեռուն ու արժանապատիվ կեցվածք և հաղթահարել այս պատմական դժվարին ժամանակահատվածը։

Leave a comment