ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծին, որով հստակեցվում են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագրի իրականացման կարգն ու ժամկետները։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ծրագրում ներգրավել ավելի մեծ թվով շահառուների՝ հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրելու և բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով։
«ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Կառավարության գործընկերների հետ մի քանի քննարկում է տեղի ունեցել: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակը մասամբ ընդունել է:
Ըստ հիմնական զեկուցողի՝ անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է առաջին անգամ: Այդուհանդերձ, հստակ չէ, թե որ մարմինն է համարվում ծրագիրն իրականացնողը:
Քննարկվող նախագծի համաձայն` դա լիազոր մարմնի կողմից հավաստագրված եւ նրա հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիրը:
Հեղինակը նշել է, որ գործող իրավակարգավորումների հստակեցման եւ ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաեւ հստակ ժամկետներ: Մասնավորապես առաջարկվում է, որ լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության համապատասխան որոշումը փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած եւ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Վերջինս, որոշումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ծրագրում ներառել առավել մեծ թվով շահառուների՝ վերջիններիս հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, վնասակար սովորույթներից ձերբազատման եւ ըստ այդմ՝ բռնարարք գործադրած անձանց վարքագծային փոփոխությանը նպաստելու նպատակով:
Հարակից զեկուցող, պատգամավոր Տիգրան Պարսիլյանը կարեւորել է առաջարկվող լրացումներով ժամկետների հստակեցումը:
Կառավարության ներկայացուցիչ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն անդրադարձել է Կառավարության ներկայացրած առաջարկություններին:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն»,- ասված է հաղորդագրությունում։