Դրամի արժևորման հիմքում ընկած է դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումը։ Այս մասին մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մեկնաբանելով դոլարի նկատմամբ դրամի արժևորումը։
Նրա խոսքով՝ ԿԲ-ն որոշակի գործառնություններ է իրականացնում արտարժույթի շուկայում։ «Բայց մենք դա անում ենք այն ժամանակ, երբ շուկան դառնում է միակողմանի։ Այսինքն՝ երբ կա առաջարկ, բայց չկա պահանջարկ։ Կարճ ասած՝ երբ առաջանում է դիսբալանս։ Մենք շարունակում ենք միջամտել շուկային և տեսնում ենք, որ հոսքն ուժեղացել է։ Ընդ որում՝ այն աստիճան, որ որոշակի ազդեցություն է ունենում փոխարժեքի վրա»,- ասել է Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով՝ համանման գործընթաց է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, ընդ որում՝ եվրոն ևս արժևորվել է ամերիկյան արժույթի նկատմամբ։
Ըստ այդմ՝ դրամի թանկացումը պայմանավորված է հենց դոլարի դիրքերի թուլացմամբ։ «Ռուսական ռուբլու համեմատ իրավիճակը բավականին կայուն է»,- հավելել է ԿԲ նախագահը: