«Ընդդիմությունը ծրագրել է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ երկիրը տանել ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում: Այ սա պետք է լինի մեր հիմնական անելիքը՝ թույլ չտալ, որ պետությունը հայտնվի հետընտրական նորանոր ցնցումների մեջ, որը կարող է մեր պետությունը տեւապես հետ գցել բնականոն զարգացման ընթացքից: Որքան քիչ ձայն ստանան մեր պետականության թշնամիները, Պուտինը, այնքան անհնար կդառնան մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրությունները»,-այսպես է կարծում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը:
Այս կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է՝ ամեն ինչ պետք է անել ընդդիմությունը փոխելու համար, որ այդ կազմով հանկարծ խորհրդարան չներկայանան. «Քարոզարշավը մոտենում է իր հասարակածին, ստանում բավականին տոքսիկ միջուկ եւ տեսնում ենք՝ որքան կարեւոր է դառնում մեր առաջարկը մեր հասարակությանը՝ մասնակից դառնալ ընդդիմափոխությանը: Առանց ընդդիմափոխության այս թույնը անցնելու է խորհրդարան… Կեղտոտ բերանները բացած, ուղեղներն անջատած կատարում են մի կարեւոր գործառույթ՝ Հայաստանում ապականել քաղաքական մթնոլորտը ու ինչ-որն չափով հասել են դրան: Մենք նման նվեր չպետք է մատուցենք իրենց, նրանց պետք է հանենք ջրի երես՝ մեր հասարակությանը հիշեցնենք՝ ովքեր են, ինչ ճանապարհ են անցել ու ինչ հեքիաթներ են պատմում: Քաղբանտարկյալ չի եղել, Ռոբերտ Քոչարյանը ձյունանուշիկ է եղել: Այս ամենն արվում է մի բանի համար՝ «տուզիկի» նման Պուտինին ծառայելու համար»:
Ըստ Մեհրաբյանի՝ հանուն արդարության վերականգնման, Ռոբերտ Քոչարյանը պետք բանտ նստի:
«Ռոբերտ Քոչարյանը պետական հանցագործ է, մեր մեղադրանքը նրան ոչ թե նրա իրական հանցավոր բնույթը նսեմացնելն է, այլ նրա կատարած հանցագործությունները վեր հանելը ու սեղանին դնելը, նրա թալանը նրա կողմից ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգը վեր հանել ու ցույց տալ՝ ինչպես են ՀՀ ռազմավարական նշանակության սեփականությունները օտարվել ու նվիրաբերվել Ռուսաստանին ու նրա կողմից ձեւավորված համակարգը ոնց է մեզ բերել հասցրել այս վիճակին: Քոչարյանը քաղաքական առումով պետք է Հանրապետության հրապարակում կախաղան հանվի»,- հավելեց Բաբաջանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: