Վարչապետի կողմից արցախյան բարբառը շեշտադրելը հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելnւթյան ալիքի. հայտարարություն

Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը: Այս մասին ասված է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարության մեջ։ «Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի»,– նշել են նրանք։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 18–ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին՝ հավելելով, որ հատ–հատ նրանց գտնելու է և սատկացնելու է։

ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։

Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»։

News.am

Leave a comment