Ուխտագնացություն Սրաշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Կապան քաղաքից 16 կմ հարավ–արևելք՝ Շիկահող գետի աջափնյա գեղատեսիլ վայրում գտնվող գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ուխտագնացություն կատարեցինք 2026 թ մայիսի 12-ին։

Մեզ ուղեկցում էր գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանը, ով լավագույնս էր տիրապետում ոչ միայն գյուղի, այլև Սուրբ Հռիփսիմեի պատմությանը։

Մինչև Սուրբ Հռիփսիմեն ներկայացնելը նշենք՝ գյուղը մատենագիտության մեջ տարբեր անուններով է հիշատակվում՝ Սարաշեն, Սարուշեն, Քիլիսաքենդ․․․

Սակայն մեր հին աղբյուրներում Սրաշեն անվանումով բնակավայր Կովսական գավառում չենք հանդիպում։

Ղևոնդ Ալիշանի օգնությամբ, կարծեք, ճշտում ենք ներկայումս Սրաշեն կոչվող գյուղի հնագույն անվանումը, ով էլ հիմք էր ընդունել Ստեփանոս պատմիչի մի հիշատակություն։

Այսպիսով, Ալիշանը գրում է՝ Շիկահող գետի միջակողմում՝ աջից, որ արևմտակողմն է, «արձանագրված է Քիլիսաքենդ փոքրիկ գյուղը, որ նշանակում է Եկեղեցագյուղ։ Եվ քանի որ Հին ցուցակում Շիկահողին անմիջապես կից մատնանշված է Պողոսի վանքը՝ (ուստի) հարկ է (սա) նույնը համարել օտար անվանումով։ Վայրն արժանի է ուսումնասիրության մանավանդ այն պատճառով ևս, որ բաժանում է Բոստ գետակի ձորը, կոչվում է Ճանճի բերդ, թեպետ գրքերում այս անունը չի գտնվում»:

Սյունիքի 12 գավառների եկեղեցիների հարկացուցակում՝ ըստ հին սահմանվածի, որին ծանոթանում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում, Կովսական գավառի բնակավայրերի ցանկում հանդիպում ենք նաև Պողոսի վանք գյուղը՝ 7 չափ հարկով։

Ասել է թե՝ Սրաշենը Պողոսի վանքի գյուղն է:

Մեկ այլ հարց է, թե ե՞րբ է գյուղը ստացել Սրաշեն անվանումը և ինչո՞ւ հենց Սրաշեն։

Գյուղին մերձակա Ճանճապտուկ կամ Ճանճի բերդ լեռան արևելյան լանջին է գտնվում Սղնախատեղ ավերակ գյուղատեղին (Սրաշենից՝ 2 կմ հյուսիս–արևմուտք), որը նաև Սղնախաշեն, երբեմն էլ Սղնաշեն է կոչվել։

Կարելի է ենթադրել, որ Սղնաշեն անվան ձևափոխմամբ է գյուղը ձեռք բերել Սրաշեն անվանումը (17-18-րդ դարերում)։

Սրաշեն անվանման առնչությամբ շրջանառվում է մեկ այլ տեսակետ ևս՝ իբր Արցախի Հաթերքի մերձակայքում գտնվող Սրաշեն գյուղի բնակիչները ժամանակին տեղափոխվել են այստեղ և գյուղը կոչել իրենց իսկ բնօրրանի անվամբ՝ Սրաշեն:

Զմյուռնիայի մերձակա շրջանների հայկական գերեզմանատներում (Դավիթ Բեկի ազատագրական պատերազմի պարտությունից հետո բազմաթիվ կապանցիներ արտագաղթել և բնակություն էին հաստատել հենց այդ շրջաններում)՝ սրաշենցիների տապանագրերում հանդիպում ենք ոչ թե Սրաշեն, այլ Սերաշեն անվանումը:

Սրաշենցիների մի մասը տեղաբնիկ է, մյուս մասը, ըստ գյուղի տարեցների վկայության, այդտեղ է տեղափոխվել Ղարադաղից, Ողջի գետի աջ ափին գտնվող Ասկուլում գյուղից, իսկ հետագայում նաև Ըռոտմանց գյուղից։

Գյուղը 1832 թվականին ուներ 16 ծուխ՝ 97 բնակիչ։

Սրաշենը Արցախյան առաջին պատերազմի տարիներին մեր սահմանամերձ ամենահերոսական գյուղերից էր։

Գյուղից ներքև՝ Փշոնց կոչվող տարածքում, հայտնաբերվել են դամբարաններ։

Գյուղի մոտակայքում կան նաև միջնադարյան ամրոցի ավերակներ։

Գյուղի մերձակայքով է հոսում Շիկահող գետակը (երկարությունը՝ 17 կմ), որը Արաքսի ձախակողմյան Ծավ (Բասուտա) վտակի ձախ օժանդակն է, սկիզբ է առնում Խուստուփի լեռնազանգվածի հարավարևելյան լանջերից, հոսում է հարավ-արևելք և Ներքին Հանդից հյուսիս միանում Ծավին (Բասուտային):

***

Սրաշենում է գտնվում Սուրբ Հռիփսիմե անունով եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում։

Երկարությունը՝ 17 մ 70 սմ, լայնությունը՝ 11 մ։

Եկեղեցու պատմությանն անդրադարձել է Կապանի տարածաշրջանի պատմությանը քաջատեղյակ Գրիշա Սմբատյանը։

Ահա, թե ինչ է գրում նա «Անապատական շարժումը ողջ XVII դարը վերածեց Սյունյաց գրչության ծաղկման դարաշրջանի: Հիշյալ ժամանակաշրջանում Սրաշենը հիշատակվել է Տաշտունում արտագրված մի ավետարանի հիշատակարաններից մեկում: Այդ ավետարանը ներկայումս պահպանվում է Մաշտոցի անվան Մատենադարանում՝ 319 համարի տակ: Այն արտագրվել է 1661 թվականին Եսայի Բարկուշատցի գրչի կողմից և իրենից ներկայացնում է կաշվեպատ, երկսյուն բոլորագիր, 229 թերթանոց 18,3×13,8 չափի ձեռագիր, զարդարված Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների պատկերազարդ մանրանկարներով:

Ավետարանը պարունակում է երեք հիշատակարան՝ թվագրված 1661, 1671 և 1726 թվականներով:

1726 թվականին, երբ տարածաշրջանում ընթանում էր դավիթբեկյան ազատագրական պատերազմը և Կապանի տարածաշրջան էին ներխուժել օսմանյան զորքերը, այս ավետարանը ձեռք է բերել սրաշենցի Անդրեասը: Վերջինս հավանաբար մելիքական կամ առևտրական-խոջայական ընտանիքի ներկայացուցիչ էր. 

«Յիշատակ է կենսաբեր, փրկագործ սուրբ Աւետարանս Սրաշնեցի Անդրէասին եւ ծնողաց, հօրն` Պալասանին եւ մօյրն` Հեղինարին, եւ պապն իմ Ասլանին եւ հօրեղբայրն իմ Ալիքսանին եւ կողակցին իմոյ` Հուրիխանին, եւ արեւշատ որդին իմոյ` Պալասանին: Եւս զանբիտան վերւոյգրեալ Անդրէաս առայ զայս սուրբ Ավետարանս ի դառն եւ ի նեղ ժամանակիս, որ Օսմանլուն եկաւ առաւ յերկիրս Պարսից, եւ եղեւ աւերումն Պարսից քաղաքաց եւ գեղորէից, եւ եղեւ կերութիւն եւ սրածութիւն քրիստոնէից. եւ այսպիսի վշտապատում ժամանակիս առայ: Յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր, եւ դուք` յիշօղտ յիշեալք լիջիք ի Քրիստոսէ յոյսն մերմէ. ամէն: ՌՃՀԵ (1726) թվին յունվարի Ժ:»:/ Սերգեյ Ջհանգիրյանի ուսումնասիրությունն է/:

Այն, որ Կապանի մի շարք գյուղերի պես Սրաշենը ևս լքվել է ու սրաշենցիները հեռացել են մյուս կապանցիների հետքերով, վկայում են Զմյուռնիայի մերձակա Այտընի, ՊԱՅԸՆՏԸՐԻ, ԷՈՏԵՄԻՇԻ շրջանների հայկական գերեզմանատների Ղափանի ՍԵՐԱՇԵՆՑԻՆԵՐԻ տապանագրերը (Տես՝ ՀԱԿՈԲ ՔՈՍՅԱՆ, «Հայք ի Զմիիռնիա եւ ի շրջակայս» գիրքը, հատոր Բ, Վիեննա, 1899):

Սրաշենի տարեցներն ասում էին «Հաթերքից վեր՝ Սրաշեն անունով գյուղատեղի կա: Այստեղի բնակիչները հեռացել են, եկել ու հիմնադրել են այս մեր Սրաշենը»:

Հետագայում գյուղում բնակություն են հաստատել Ղարադաղից և մոտակա Ասկուլում գյուղից։

Կոլխոզային կառույցների համար Սրաշենում պայթեցվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (16-17-րդ դարերի բազիլիկ ամենամեծ կառույցն է Կապանում, իսկական տաճար՝ պատված խաչքարերով ու զարդաքանդակներով։ Այնքան աչքի ընկնող էր, որ ազերիները գյուղը կոչում էին Քիլիսեքենդ, այսինքն՝ եկեղեցու գյուղ)։

Սրաշենում պահեստ – գրասենյակի կառուցումը ձգձգվում էր շինաքարի բացակայության պատճառով։ Քարը հեռու գետափին էր, տեղափոխությունն աշխատուժ և ծախսեր էր պահանջում։

Եկեղեցին պայթեցնելու որոշում կայացվեց, որ հանձն առավ Արիստակեսը։ Նրան միացան համագյուղացիներ Մուշեղը, Սեդրակն ու Մելիքը…

Սկսեցին ծակծկել թաղն ու արևմտյան պատը։ Լիցքավորեցին հանքերից բերված դինամիտով։ Եկավ պահը։ Ժողովրդին հանեցին գյուղից դուրս։ Հավատացյալները լաց էին լինում… Մի քանիսն անհամբեր սպասում էին ավերակների մեջ գանձ որոնելուն։ Սար ու ձոր որոտացին, բայց հիասթափությունը պատեց վանդալներին՝ տաճարից միայն քարեր էին պոկվել։ Լիցքավորեցին երկրորդ անգամ։ Պատերը ճաքեր տվեցին։ Երրորդ պայթյունից հետո արևմտյան պատն ու թաղի մի մասը տապալվեցին։ Եկեղեցու պայթեցումը վերևից հրահանգված չէր։ Դա սոսկ տեղական նախաձեռնության, խավարամտության և ծուլության հետևանք էր (Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ավշտրյանն իմացել էր կատարվածի մասին, եկել, սպառնացել էր նախաձեռնողներին, պահանջել էր ծածկել կտուրը, գերանակապ պատ դնել ու չմոտենալ եկեղեցուն)։

Սրաշենի հիշողությունից չես ջնջի չորս հերոստրատների անունները, որոնք, ժողովրդի ասելով, անեծքի տակ ընկան։ Մուշեղն ու Մելիքը պատերազմում մնացին, Սեդրակը՝ պատից ընկավ ու մահացավ, Արիստակեսը՝ կուրացավ։

Սրաշենի Սբ Հռիփսիմեի ավերման մասին պատմում է տեղացի ուսուցիչ Վազգեն Սարգսյանը (ծնվ. 1922թ.): «Եկեղեցին աշխատել է մինչև 1930 թիվը: Հայրս՝ Տիգրան Սարգսյանը, վարդապետ էր եկեղեցում: Տատս Խոլիան, Ագուլիսի աղջիկ էր՝ ուժեղ կրոնացած: Շատերն էին դեմ, բայց վախենում էին արտահայտվել: Հաշվեհարդար էին տեսնում: Եկեղեցու արևմտյան պատը քանդեցին 33, թե 34 թվին: Սկզբում քանդեցին պատի չորս կողմը, բայց պատը չփլվեց: Ամունալի միջոցով պատը պայթեցրին, էլի չփլվեց: Եկեղեցու պատը քանդելուց տատս լաց էր լինում: Շատ դժվար էր քարերը իրարից պոկելը և չկարողացան դրանք գրասենյակի համար օգտագործել:

Եկեղեցու բեմը լավն էր, կահավորված, վարագույրով, նկարներով ու գրքերով: Մահացողներին տանում էին եկեղեցի: Հետագայում եկեղեցին դարձավ խոտի ծածկոց: 1993 թվին պատերազմի ժամանակ արևելյան պատը քարուքանդ արվեց թշնամու հրետակոծության հետևանքով: (Հիմքը՝ Վ. Սարգսյանի հետ զրույցի գրառումը):

1922 թ Սրաշենի եկեղեցի է այցելել Սյունյաց թեմի առաջնորդ, Տաթևի վանահայր Արտակ Տավուշեցի Սմբատյանը։

Նրա միջնորդությամբ որոշ ժամանակ եկեղեցում հովվում էր Ներքին Հանդի քահանա Տեր Ավան Տեր Գրիգորյանը։

Սրաշենի հոգևոր տոհմը Տեր Կարապետյաններն էին»։

Գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանն էլ պատմում է՝ «Եկեղեցին 17-րդ դարի կառույց է, բայց վերաշինվել է 18-րդ դարի 20-30-ականներին, երբ Թուրքմենչայի պայմանագրից հետո գյուղը նոր վերածնունդ էր ապրում։

Եկեղեցին, ինչպես տեսնում եք, չափազանց գեղեցիկ է, իր տեսակի մեջ՝ եզակի։

Ասում են՝ հատուկ շաղախով են պատերը կառուցել, ինչի շնորհիվ էլ շատ ամուր է ստացվել։

Ասում են նաև՝ եկեղեցին գործել է մինչև 1941 թվականը, որից հետո փորձել են քանդել, քարերն օգտագործել․․․

Թեև եկեղեցին կիսավեր վիճակում է, բայց հիմա էլ կնունքների, ծնունդների, հարսանիքների առիթով այցելում ենք այս սրբավայր, մոմ վառում, աղոթք բարձրացնում առ Աստված։

2018-ին ուրախությամբ իմացանք, որ մեր գյուղի սրբավայրը վերականգնելու ծրագիր է մշակվել։ Ինչպես տեսնում եք՝ նաև նախապատրաստական որոշ աշխատանքներ են կատարվել, միաժամանակ՝ պեղումներ․․․ Արման Նալբանդյանն էր հնագիտական արշավախումբը ղեկավարում։

Բայց վրա հասավ 2020-ի պատերազմը, աշխատանքները դադարեցին, ու այդպես էլ՝ կիսաքանդ վիճակում, շարունակում է ապրել Աստծո այս հրաշալի տաճարը»։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի

Leave a comment