Ուժայինները Մոլդովայում խուզարկել են «FlyOne» ավիաընկերության գրասենյակները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իշխանամետ լրատվամիջոցների տելեգրամյան ալիքներն ավելի վաղ գրել էին, որ ուժայինները խուզարկում են Քիշնևում մասնավոր ավիաընկերության գրասենյակները և գլխավոր տնօրեն Միրչի Մալեկիի բնակության վայրը:
««FlyOne»-ի` Քիշնևում գտնվող գրասենյակներում խուզարկություններն անցկացվում են դատախազության, հարկային ծառայության և ոստիկանության տեսչության համատեղ գործողությունների շրջանակում: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածում կատարված խուզարկություններին, ապա նման տեղեկություն դեռ չկա», – ասել է գործակալության զրուցակիցը։
Մոլդովայի կազմակերպված հանցավորության և հատուկ գործերի դեմ պայքարի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել «FlyOne» ավիաընկերության և Քիշնևի շինարարական ընկերություններից մեկի գրասենյակներում՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման գործերի նախաքննության շրջանակներում:
«Դատախազները հարկային ծառայության սպաների հետ, ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի մարտիկների ուժային աջակցությամբ Քիշնևում խուզարկություններ են կատարել հարկերից խուսափելու և փողերի լվացման գործով։ Քննչական միջոցառումներն իրականացվել են ոչ միայն ավիափոխադրողի վարչական շենքերում, այլև շինարարական ընկերության գրասենյակներում։ Այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ», – հայտնել է գերատեսչությունը։
«FlyOne» ավիաընկերությունը հիմնադրվել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից, ավելի ուշ սեփականատեր է դարձել արդարադատության նախկին նախարար Վլադիմիր Չեբոտարը, որի օրոք ակտիվների մի մասը փոխանցվել է Հայաստան, և ստեղծվել է «FlyOne Armenia» դուստր ընկերությունը:
Sputnik Արմենիա