Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ապատեղեկատվության ու հակաքարոզչության «գուրուներն» անցել են գործի: Նախընտրական շրջան է, և բոլորը հրապարակ են հանել իրենց, այսպես կոչված, էքսկլյուզիվները: Եվ, ահա, հերթականն ու արդեն նաև՝ սովորականը՝ զուտ տարրական մանիպուլյացիայի ժանրից:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն հրապարակել է տեսահոլովակ, որը իրականության հետ, ինչպես և սպասվում էր, աղերս չունի: Այստեղ հիշատակվում է 95 մանկապարտեզը, բնականաբար, գորշ գույներով, անմխիթար վիճակում. մի խոսքով՝ «թրիլլեր» հիշեցնող կադրեր, որոնք անհայտ է, թե երբ և ինչպես են արվել, բայց մոնտաժով ստեղծվում է պահանջված, դժգույն պատկեր: Ու, ինչ հաջողություն, որ այդ նույն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են իրականությունն աղավաղելու համար, օգնում են նաև լույս սփռել իրականության վրա. 95 մանկապարտեզը, որն ունի 12 խումբ, և որտեղ հաճախում է շուրջ 330 երեխա, հիմնանորոգված է, կահավորված, լուսավոր, հարմարավետ պայմաններով ու քաղաքակիրթ միջավայրով, կենսաապահովման համակարգով և սա դեռ ամենը չէ:
Աշխատանքները շարունակվում են, կա կոյուղու խնդիր, որը լուծման փուլում է, հաջորդիվ, նույն չափանիշներով քաղաքապետարանը նաև վերականգնելու է մանկապարտեզի բակային հատվածը:
Լուսանկարներում հոլովակում հիշատակվող 95 մանկապարտեզն է, որը Երևանում կառուցվող կամ վերակառուցված, հիմնանորգվող կամ հիմնանորոգված 45 մանկապարտեզներից մեկն է»։