Ադրբեջանին պետք է հաղթել տնտեսական մրցակցության մեջ. Արամ Սարգսյան

Բաժանորդագրվել

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ հանդես է գալիս հակառուսական օրակարգով։ Նա պնդում է, որ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ գործակցության մեջ է:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական այլ ուժերի հետ վիրավորանքի դաշտ չի մտնելու, այլ իր ծրագրով հաղթանակ է առաջարկելու։ Խորհրդարանական ընտրություններին առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն այս մասին հայտարարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի ժամանակ։

««Հանրապետություն» կուսակցությունը եղած ուժերի մեջ միակն է, որ հաղթանակ է առաջարկում։ Մեր առաջարկած հաղթանակն անարյուն է ու առանց պատերազմի, քանի որ մենք առաջարկում ենք Ադրբեջանին հաղթել տնտեսական մրցակցության մեջ։ Նման հաղթանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ունեցել է Գերմանիան, որը հասավ նրան, որ Բեռլինի պատը քանդվեց։ Հարատև խաղաղության համար անհրաժեշտ է ոտքի հանել ՀՀ տնտեսությունը»,– ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նա հանդես է գալիս հակառուսական օրակարգով. Արամ Սարգսյանը Հայաստանի ապագան պատկերացնում է Արևմուտքի հետ գործակցությամբ։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հստակ որոշում կայացնի և դուրս գա ՀԱՊԿ-ից ու ընդհանրապես ՌԴ-ի հետ փոխհամակարգից։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment