Միայն Արմավիրի և Արարատի մարզերում մշակվում է հողերի 25-30 տոկոսը․ Սամվել Կարապետյանի պնդումը չի հաստատվում

«Մարդիկ շատ դժգոհ էին, որ այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի, ես վստահ եմ, ամբողջ Հայաստանի ժողովրդի կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար․․․Ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում մշակվում են ընդամենը 10 տոկոս հողերը»,- վերջին օրերին Արարատի և Արմավիրի մարզեր իր թիմի կատարած այցի արդյունքներն ամփոփելիս հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կարապետյանի հնչեցրած պնդումը և արձանագրել, որ այն հակասում է պաշտոնական վիճակագրությանը։

Քանի որ ՀՀ վիճակագրական կոմիտեն Արարատյան դաշտավայրի վերաբերյալ առանձին վիճակագրական հաշվառում չի վարում, ուսումնասիրության շրջանակում դիտարկել ենք Արարատի և Արմավիրի մարզերի տվյալները, որոնց համատեքստում էլ հնչեցվել էր հայտարարությունը։

Ի՞նչ են ասում թվերը․ Արարատի մարզ

Մենք նախ ուսումնասիրել ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2025» (այսուհետ՝ 1) հրապարակման տվյալները։

Ըստ այդմ՝ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են շուրջ 156 հազար հեկտար, որից՝

  • 23 760 հեկտարը վարելահողեր են, այսինքն՝ մշակվող գյուղատնտեսական հողեր։ 

Միևնույն ժամանակ, Վիճակագրական կոմիտեի մեկ այլ՝ 2026 թվականի մարտի 30-ին հրապարակված տեղեկագրում («Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը», այսուհետ՝ 2) ավելի ընդգրկուն վիճակագրություն է ներկայացվում 2025 թվականին գրանցված գյուղատնտեսական արդյունքների մասին։ Ըստ այս հրապարակման՝ Արարատի մարզում մշակվող հողատարածքների ընդհանուր ծավալը կազմում է 29 854 հեկտար։

Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը

FIP.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզաբանեցին, որ երկրորդ վիճակագրության մեջ տեղ են գտել նաև տնամերձ հողամասերում մշակված հողատարածքների ծավալները, որոնք արտացոլված չեն առաջին հրապարակման մեջ։

Այսպիսով՝

  • եթե հիմք ընդունենք 1-ին վիճակագրությունը՝ մշակվում է մարզի գյուղատնտեսական հողերի 15.2 %-ը,
  • եթե 2-ը՝ 19.1%-ը։

Ի՞նչ են ասում թվերը․ Արմավիրի մարզ

ՀՀ վիճակագրական կոմիտեի նույն՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2025» հրապարակման համաձայն՝ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 96 784 հեկտար, որից՝

  • 39 333 հեկտարը վարելահողեր են։

Միևնույն ժամանակ, «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» հրապարակմամբ ներկայացված ավելի ընդգրկուն տվյալների համաձայն՝ մարզում մշակվող հողատարածքների ծավալը կազմում է 44 442 հեկտար։ Այս վիճակագրությունն էլ ներառում է տնամերձ հողամասերում մշակվող տարածքները։

Այս տվյալների համադրությամբ ստացվում է, որ Արմավիրի մարզում մշակվում է գյուղատնտեսական հողերի՝

  • 40.6 %-ը՝ 1-ին վիճակագրությամբ,
  • 45.9 %-ը՝ 2-րդ վիճակագրությամբ:

Ի՞նչ են ցույց տալիս երկու մարզերի տվյալները` միասին

Քանի որ Սամվել Կարապետյանն իր հայտարարությունն արել էր Արարատի և Արմավիրի մարզեր կատարած այցերի համատեքստում, դիտարկել ենք նաև երկու մարզերի համակցված տվյալները։

Երկու մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր ծավալը կազմում է՝

  • 252 727 հեկտար (Արարատ՝ 155 943 հա, Արմավիր՝ 96 784 հա)։

Եթե հիմք ընդունենք 1-ին վիճակագրական հրապարակման տվյալները, ապա երկու մարզերում մշակվող հողերի ծավալը կազմում է՝

  • 63 093 հեկտար (23 760 + 39 333), ինչը ընդհանուր գյուղատնտեսական հողերի շուրջ 25%-ն է։

Իսկ 2-րդ հրապարակման տվյալներով՝

  • փաստացի մշակվող հողատարածքները կազմում են 74 296 հեկտար (29 854 + 44 442), այսինքն՝ ընդհանուրի մոտ 29.4%-ը։

Այսպիսով, պաշտոնական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Արարատի և Արմավիրի մարզերում՝ միասին, մշակվում է ոչ թե հողերի «ընդամենը 10%-ը», ինչպես պնդել էր Սամվել Կարապետյանը, այլ՝ մոտ 25-30%-ը՝ կախված կիրառվող վիճակագրական մեթոդաբանությունից։

Հետևաբար, քաղաքական գործչի հայտարարությունը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին և առնվազն մոլորեցնող է։

Գայանե Մարկոսյան 

The post Միայն Արմավիրի և Արարատի մարզերում մշակվում է հողերի 25-30 տոկոսը․ Սամվել Կարապետյանի պնդումը չի հաստատվում appeared first on FIP.AM.

Leave a comment