Թանդիլյան․ Եվրոպացի առաջնորդները միջամտում են հայ ժողովրդի ներքին ընտրությանը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունները ծայրահեղ տգիտության դրսևորում են։ Մշակութային արժեքների ոչնչացումը այս կամ այն երկրի ներքին ինքնիշխան հարցը չէ։ Մայիսի 4-ին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի զուգահեռ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Խոսքը Թորոսյանի այն մտքի մասին է, որն անուղղակիորեն ակնարկում էր, թե Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը տվյալ երկրի ներքին գործն է։

Կուսակցության համահիմնադիրը շեշտել է, որ մշակութային արժեքները համամարդկային արժեք են։ Իսկ Արսեն Թորոսյանը, ինչպես կարծում է ընդդիմադիր գործիչը, խայտառակում է ինքն իրեն և Հայաստանը ներկայացնում աշխարհին ոչ շահեկան լույսի ներքո։ «Այդ բոլոր հայտարարություններն արվում են, Ադրբեջանին և Ալիևի ռեժիմին հաճոյանալու համար, որպեսզի Հայաստանում պահպանվի այս իրավիճակը, որը նրանք կարողանում են վաճառել հայ ժողովրդի վրա, որպես խաղաղություն», – ասել է Թանդիլյանը՝ հավելելով, որ ընտրություններից առաջ Ադրբեջանի լռությունը չի կարող բնութագրվել որպես խաղաղություն։

Նրա խոսքով՝ դա արվում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Իսկ ավելի ուշ Բաքուն կշարունակի նորանոր պահանջներ առաջ քաշելու քաղաքականությունը։ «Խաղաղությունն անհրաժեշտ է, բայց այն արդյունք է վարած քաղաքականության, ոչ թե նպատակ, որովհետև երկրորդ դեպքում այն վերածվում է սեփական իշխանությունը պահելու միջոցի, ինչով, որ զբաղված են այսօրվա իշխանությունները», – ընդգծել է Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով եվրոպական գագաթնաժողովին՝ ընդդիմադիրը, մասնավորապես, հավելել է. «Եվրոպական երկրների առաջնորդների ներկայությունը Հայաստանում այլ կերպ ձևակերպել, քան միջամտություն հայ ժողովրդի ներքին ընտրությանը, հնարավոր չէ»։

News.am

Leave a comment