CCAF-ը դժգոհ է․ Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացմանը չեն հրավիրել

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, դժգոհություն է հայտնել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունից զրկելու կապակցությամբ։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։

Խորհրդի տարածած հայտարարությունում նշվում է, որ խոսքը CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասին է։

Խորհուրդը նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-սփյուռք հարաբերությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։

2022 թվականի հուլիսին CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան․ նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այդ որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպմանը Փափազյանի ենթադրյալ մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment