Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի հաջորդ շաբաթ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում. «48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրվել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ հանդիպմանը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի գագաթնաժողովին։ Սա առաջին դեպքն է, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի հանդիպմանը»։
Վարչապետի այցը Կանադա–ԵՄ հարաբերությունների սերտացման տրամաբանական շղթայի շարունակությունն է, երբ Օտտավան փորձում է ևս մեկ քայլ անել Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս միտումը արտացոլվում է նաև կանադացիների շրջանում անցկացված հարցումներում, ըստ որոնց՝ հանրության մի մասը ցանկանում է, որ երկրի անդամակցի ԵՄ-ին։
Հասարակական կարծիքից զատ, Կանադան արդեն դարձել է առաջին ոչ եվրոպական երկիրը, որը ներգրավվել է ԵՄ պաշտպանական նախաձեռնություններում (SAFE ծրագիր)։
Այս գործընթացի ակտիվ ջատագովներից է հենց Մարկ Քարնին՝ իր «միջին ուժի» (middle power) գաղափարախոսությամբ։ Ըստ այդ մոտեցման՝ ԵՄ-ն, Կանադան, ինչպես նաև այլ միջին և փոքր պետություններ պետք է համատեղ պաշտպանեն իրենց կենսական շահերը մեծ տերությունների տնտեսական ճնշումներից։
Ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա այն կանցկացվի «Կառուցելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ քննարկվելու են խոր աշխարհաքաղաքական վերափոխումների պայմաններում համագործակցության և գործողությունների համակարգման ուղիները՝ ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի խորացման, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով։
Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՄ 27 անդամ պետություններից բացի, հրավիրված երկրների թվում են Ալբանիան, Վրաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը մինչ այժմ անցկացվել է յոթ անգամ, իսկ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Իռլանդիայում՝ 2026 թվականի նոյեմբերին։