«Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնը» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փաստաթղթի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Իրանի հետ հարաբերությունները 1000-ավոր տարիների պատմություն ունեն։ Իրանը մեր կենսական ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ, կարելի է ասել` «կյանքի ճանապարհ»։ Այդպես եղել է դեռ 1990-ականներին, այդպես է նաև այսօր։ Ոչինչ չի փոխվել։ Իրանը Հայաստանը կապում է դեպի գլոբալ Հարավ, դեպի Հնդկական օվկիանոս։ Իրանը մեզ համար արժեքավոր է նաև առևտրատնտեսական հարաբերություններ ունենալու տեսանկյունից, ու հենց այս երկրի միջոցով մենք կարող ենք գլոբալ Հարավի հետ հարաբերություններ ունենալ՝ աճող տնտեսության հետ կապված»,- ասուլիսի ժամանակ նշեց Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ են և՛ հաշտություն, և՛ խաղաղություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը չպետք է հիմնված լինի Ադրբեջանից միակողմանի կախվածության վրա։
Նրա գնահատմամբ՝ TRIPP-ի շրջանակում մի շարք ճանապարհներ և ռազմավարական նշանակության օբյեկտներ անցնելու են Ադրբեջանի տարածքով։ Քաղաքական գործիչը պնդել է, որ նման միակողմանի կախվածությունը կարող է կործանարար լինել Հայաստանի համար, մինչդեռ Իրանը կարող է այս հարցում կարևոր դեր ստանձնել։
Զուրաբյանը նաև նշել է, որ Հայաստանը պետք է կապող օղակ դառնա ոչ միայն Արևմուտքի ու Արևելքի, այլև Հյուսիսի և Հարավի միջև։ Այդ պատճառով, նրա խոսքով, Իրանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։
Նա հայտնել է, որ քննարկվել են Հայաստանը և Իրանը կապող երկաթուղու նախագիծը, երկու երկրների տարածքներով տվյալների փոխանցման հզոր մալուխային համակարգի կառուցման հնարավորությունը։ Կողմերն անդրադարձել են նաև արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը՝ Հայաստանում չինական տեխնոլոգիաների վրա հիմնված այլընտրանքային ցանց ստեղծելու նպատակով։
«Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» հիմնադիր և ղեկավար, իրանցի քաղաքագետ Պույա Հոսեինին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար ամենավստահելի հարևանը, դաշնակիցն ու գործընկերն է։ Հոսեինիի խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը մշտապես կարևոր է եղել Իրանի համար, իսկ Իրանի անվտանգությունը՝ Հայաստանի։
«Այս հուշագրի միջոցով մենք կկարողանանք հայ ազգի ներկայացուցիչների հետ աշխատել՝ օգտագործելով բոլորի ռեսուրսները ի շահ երկու երկրի հարաբերությունների զարգացման։ Հայերը և իրանցիները պետք է ավելի շատ իրար երկրներ այցելեն, նոր համագործակցություններ ստեղծվեն՝ «միջազգային փոթորիկներից» ապահով դուրս գալու համար»,- ասել է իրանցի քաղաքագետը։