Ներկայացնում ենք Համաշխարհային բանկի նախկին կառավարիչ տնօրեն Բերտրան Բադրեի եւ Սթենֆորդի համալսարանի մարդակենտրոն արհեստական բանականության ինստիտուտի նախկին տնօրեն Սաուրաբ Միշրայի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Բերտրան Բադրե, Սաուրաբ Միշրա
Հետպատերազմյան դարաշրջանի զգալի հատվածում համաշխարհային հզորությունը սահմանվում էր դաշինքներով, ավիակիրներով եւ պահուստային արժույթներով։ Սակայն այսօր աշխարհը մուտք է գործում մի դարաշրջան, որտեղ առանցքայինը դառնում են կենսական ենթակառուցվածքները եւ նրանք, ովքեր դրանք ֆինանսավորում, կառուցում եւ շահագործում են։ Նավահանգիստները, էլեկտրացանցերը, երկաթուղային միջանցքները, տվյալների կենտրոնները եւ ռազմավարական հանքանյութերի մատակարարման շղթաներն այլեւս պարզապես «նախագծեր» չեն. դրանք վերածվել են ինքնիշխանության «օպերացիոն համակարգի»։
Ենթակառուցվածքները՝ որպես էներգիա, ապրանքներ եւ տվյալներ տեղափոխող ցանցեր, փաստացի արդյունաբերությունների արդյունաբերությունն են։ Այն կողմը, որը կձեւավորի դրա զարգացումը պայմանագրերի, ստանդարտների, արժութային անվանակարգերի եւ երկարաժամկետ սպասարկման միջոցով (որի զգալի մասը գնալով ավելի է հիմնվում տվյալների եւ արհեստական բանականության համակարգերի վրա), ձեռք կբերի կայուն գլոբալ ազդեցություն։
«Դեդոլարիզացիայի» շուրջ բանավեճերը հաճախ կենտրոնանում են պահուստային արժույթների վրա։ Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԱՄՆ դոլարը կազմել է համաշխարհային արտարժութային պահուստների մոտ 57%-ը, իսկ եվրոն պահպանել է հեռավոր երկրորդ դիրքը։ Սակայն պաշտոնական պահուստները հետ մնացող ցուցանիշ են։ Ավելի նշանակալի տեղաշարժերը տեղի են ունենում ենթակառուցվածքային մակարդակում։
Չինաստանը շուտ գիտակցեց սա։ 2000-2023 թվականներին այն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) նախաձեռնության շրջանակում տրամադրել է մոտ 2.2 տրիլիոն դոլարի վարկեր եւ դրամաշնորհներ, որոնց զգալի մասն ուղղվել է տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը։ Սակայն այս մոդելը երբեք միայն կապիտալի ներհոսք չի ենթադրել։ Ֆինանսավորումը, կապալառուները, սարքավորումները եւ թվային համակարգերը համակցելով՝ Չինաստանը, արտահանում է պետական կարողություններ եւ ձեւավորում երկարաժամկետ կառուցվածքային կախվածություններ։ Այս տրամաբանությունը հստակ երեւում է խոշոր նախագծերում, ինչպիսին է Չանկայ մեգա-նավահանգիստը Պերուում, որը հիմնականում պատկանում է չինական օպերատորի եւ ֆինանսավորվում է միլիարդավոր դոլարների ներդրումներով։ Նման նախագծերը ցույց են տալիս, թե ինչպես կարող են ենթակառուցվածքները վերաձեւակերպել առեւտրային ուղիները եւ փոխկախվածությունների համակարգը։ Նույն կերպ, Ադիս Աբեբա-Ջիբութի երկաթուղին, որը մեծապես ֆինանսավորվել է չինական վարկերով, էապես կրճատել է բեռնափոխադրումների ժամանակը Եթովպիայի եւ Կարմիր ծովի միջեւ:
Ենթակառուցվածքային ներդրումների աշխարհաքաղաքական հետեւանքները զգալիորեն հայտնվում են քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում։ Օրինակ՝ Գրենլանդիայում օդանավակայանի շինարարությանը Չինաստանի հնարավոր մասնակցությունն անվտանգության լուրջ մտահոգություններ է առաջացրել թե՛ Դանիայում, թե՛ Միացյալ Նահանգներում։ Այս նոր ձեւավորվող մրցակցությունն այլեւս սահմանափակված չէ միայն արժույթներով, այլ ծավալվում է մրցակցող ենթակառուցվածքային դաշինքների միջեւ:
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների գլոբալ ազդեցությունը հիմնված էր ռազմական հզորության, դոլարի գերակայության եւ բազմակողմ ինստիտուտների վրա։ Թեեւ այս ճարտարապետությունը շարունակում է առանցքային մնալ, այն այսօր արագորեն լրացվում է, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ մարտահրավերի ենթարկվում ենթակառուցվածքային ռազմավարությունների կողմից։
Այս տեղաշարժն արտացոլում է քաղաքական լարվածությունը։ 2024 թվականին Դոնալդ Թրամփը, որպես Միացյալ Նահանգների ընտրված նախագահ, սպառնաց խիստ սակագներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են զարգացնել դոլարից անկախ հաշվարկային եւ վճարային մեխանիզմներ: Միեւնույն ժամանակ, արեւմտյան տնտեսությունները նույնպես ակտիվացրել են իրենց սեփական ենթակառուցվածքային նախաձեռնությունները։ Օրինակ՝ G7-ի Գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների գործընկերությունը (Partnership for Global Infrastructure and Investment) նպատակ ունի մինչեւ 2027 թվականը շուրջ 600 միլիարդ դոլարի ներդրում մոբիլիզացնել։ Եվրոպական միության «Global Gateway» նախաձեռնությունը նախատեսում է մինչեւ 300 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ, իսկ Կապույտ կետերի ցանցը (the Blue Dot Network), որը ձեւավորվել է Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների կողմից, նպատակ ունի հավաստագրել եւ խթանել բարձրորակ ենթակառուցվածքային ստանդարտներ։
Այնուամենայնիվ, շատ երկրներ այս նախաձեռնություններն ընկալում են որպես դանդաղ եւ չափազանց պայմանական։ Կլիմայական ցնցումների, ժողովրդագրական ճնշումների եւ զարգացման հրատապ կարիքների պայմաններում ենթակառուցվածքների արագ իրականացման հնարավորությունը հաճախ գերակշռում է արդյունավետ կառավարման նկատառումները։
Տարբեր միջին տերություններ համապատասխանաբար վերանայում են իրենց ռազմավարական մոտեցումները։ Օրինակ՝ Հնդկաստանը վարում է այսպես կոչված «միջանցքային դիվանագիտություն»՝ աջակցելով այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Չաբահար նավահանգիստը եւ Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցքը։ Մեկ դաշինքի հետ միավորվելու փոխարեն՝ Հնդկաստանն օգտագործում է ենթակառուցվածքը՝ իր ռազմավարական ինքնավարությունը պաշտպանելու, դիվերսիֆիկացնելու եւ ընդլայնելու նպատակով։
Կա նաեւ մեկ այլ կարեւոր տեղաշարժ։ Չսահմանափակվելով միայն պողպատով եւ բետոնով՝ ենթակառուցվածքային աշխարհաքաղաքականությունը տարածվում է հաշվարկային հզորությունների, տվյալների եւ արհեստական բանականության ոլորտների վրա: Կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունները հստակ ցույց են տալիս այս անցման մասշտաբները։ Տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Microsoft-ը, Alphabet Inc.-ը, Meta Platforms-ը եւ Amazon-ը, տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ են ուղղում արհեստական բանականության ենթակառուցվածքներին՝ ներառյալ տվյալների կենտրոնների եւ մասնագիտացված հաշվողական սարքավորումների վրա: Նրանց կապիտալ ծախսերը եւ համապատասխան ամորտիզացիան ներկայում համադրելի են ավանդական ենթակառուցվածքային ոլորտների ցուցանիշների հետ։
Կիսահաղորդիչների արտադրությունը դարձել է այս համակարգի ռազմավարական խոչընդոտներից մեկը։ Տասնյակ միլիարդավոր դոլար արժողությամբ արտադրական հզորությունները հանդիսանում են գլոբալ մատակարարման շղթաների հիմքը եւ միաժամանակ որոշում են առաջադեմ հաշվարկային հզորությունների հասանելիությունը։ Սակայն արհեստական բանականությունը ենթակառուցվածքների պարզապես եւս մեկ շերտ չէ. այն հանդես է գալիս որպես մետա-ենթակառուցվածք՝ ձեւավորելով այն եղանակները, որոնցով պլանավորվում, կառավարվում եւ օպտիմալացվում են մյուս բոլոր համակարգերը։
Եթե ենթակառուցվածքները սահմանում են աշխարհաքաղաքական ուժի բաշխումը, ապա արհեստական բանականությունը սկսում է սահմանել հենց ենթակառուցվածքները։ Այն կարող է բարձրացնել ցանցային համակարգերի արդյունավետությունը, երկարացնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծառայության ժամկետը եւ հնարավորություն տալ մշակել կլիմայի փոփոխությանը հարմարվելու ավելի ճշգրիտ ռազմավարություններ։
Սակայն արհեստական բանականությունը նաեւ ստեղծում է նոր խոցելիություններ։ Օպտիմալացման համակարգերի հեռավար կառավարումը կարող է ծառայել որպես «արտակարգ անջատիչ» կենսական նշանակության ենթակառուցվածքների համար, իսկ ոչ թափանցիկ կամ կողմնակալ ալգորիթմները կարող են համակարգված կերպով որոշել, թե որ տարածաշրջանները կամ համայնքները կստանան ներդրումներ։ Այս համատեքստում ենթակառուցվածքն այլեւս միայն ֆիզիկական ակտիվ չէ, այն նաեւ դառնում է հարց, թե ով է վերահսկում դրանց կառավարման մտավոր մակարդակը։
Ոչ մի տեղ այս խաղադրույքներն այնքան տեսանելի չեն, որքան Գազայում։ Միավորված ազգերի կազմակերպության եւ Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ 2025 թվականի վերջին բնակարանային ֆոնդի եւ ենթակառուցվածքների մոտավորապես 90%-ը վնասված կամ ավերված էր, իսկ գրեթե ամբողջ՝ շուրջ 2.1 միլիոն բնակչությունը՝ տեղահանված։ Վերակառուցումը կպահանջի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ, սակայն առանց կայուն քաղաքական կարգավորման նոր ենթակառուցվածքային համակարգը կարող է վերածվել ոչ թե վերականգնման գործիքի, այլ վերահսկողության մեխանիզմի։
Ենթակառուցվածքի աշխարհաքաղաքականությունն իր էությամբ ազատագրող չէ։ Տարանցիկ միջանցքները, էներգետիկ համակարգերը եւ բնակարանաշինությունը կարող են նախագծվել շարժունակություն եւ տնտեսական աճ խթանելու համար, սակայն դրանք կարող են նաեւ օգտագործվել մարդկանց ազատությունը սահմանափակելու եւ վերահսկողություն ձեւավորելու նպատակով։
Աշխարհը շարժվում է դեպի հատվող ենթակառուցվածքային էկոհամակարգերի ձեւավորում՝ ԱՄՆ-ի վրա կենտրոնացած համակարգ, որը հիմնված է բաց կապիտալի շուկաների եւ իրավական կարգավորման վրա, Չինաստանի վրա կենտրոնացած համակարգ, որը համադրում է պետական ֆինանսավորումը, կապալառուներին եւ ներդրված ստանդարտները, ինչպես նաեւ տարածաշրջանային տերությունների եւ միջին ազդեցության երկրների տարբեր ռազմավարությունների բազմազանություն։
Որոշիչ հարցը այն չէ, թե որ համակարգն է ամենամեծը, այլ այն, թե որն է, ի վերջո, դառնում լռելյայն (default)։ Նույնիսկ երբ նավահանգիստների, էներգետիկ համակարգերի եւ տվյալային ցանցերի վերաբերյալ որոշումները ձեւակերպվում են զուտ տեխնիկական կամ ֆինանսական լեզվով, դրանց հիմքում հաճախ գործում է թաքնված քաղաքական տրամաբանություն։
Նման որոշումներն ավելի ու ավելի միջնորդվում են պատմական տվյալների վրա մարզված եւ արդյունավետության օպտիմալացման նպատակով նախագծված արհեստական բանականության համակարգերի միջոցով, ինչն աստիճանաբար նեղացնում է ընկալվող հնարավորությունների եւ այլընտրանքների շրջանակը։
Ջորջ Օրուելը զգուշացրել է լեզվի վերահսկողության մասին։ Այսօր մենք ականատես ենք իշխանության ավելի նուրբ եւ անուղղակի ձեւի։ Ալգորիթմական համակարգերով առաջնորդվող ենթակառուցվածքները սպառնում են որոշակի ապագաները դարձնել անխուսափելի, իսկ մյուսները՝ անհավանական։
Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ մեկ տերություն գերիշխում է, այլ այն, որ հասարակություններն աստիճանաբար կարող են կորցնել մրցակցող ուղիների միջեւ իրական ընտրություն կատարելու կարողությունը։ Նոր աշխարհակարգը կառուցվում է բետոնով եւ կոդավորվում է սիլիկոնով մեջ։ Հնարավոր է՝ ինքնիշխանության վերջին դրսեւորումը լինի ոչ թե կառուցելը կամ դիմադրելը, այլ այն գիտակցումը, որ այդ հնարավորությունները դեռեւս բաց են, քանի դեռ մեր ստեղծած համակարգերը չեն սկսել օպտիմալացնել մեզ։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org