Հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ քննարկելու հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ. Էդգար Պետրոսյան

ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանի արձագանքը «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը.

«Ի պատասխան «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ նշում եմ, որ ՀՖՖ-ն կարևորում է ակումբների բարձրաձայնած հարցերը, բայցև ընդգծում՝ նման թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական և կառուցողական դաշտում։

Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։

ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։

Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։

Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment