Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև

Քաղաքականություն

15.10.2026 | 15:41

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության շրջանակում համատեղ մշակել տրանսպորտային փոխկապակցվածության ռազմավարություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տոկաևն այս մասին հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության VII գագաթնաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող տարածաշրջանը տրանսպորտի և փոխկապակցվածության ոլորտներում լայն հնարավորություններ ունի։ Տոկաևի խոսքով՝ ընդհանուր միջանցքները պետությունների միջև երկարաժամկետ վստահություն ձևավորելու ամենաարդյունավետ գործիքներից են։

Ղազախստանի նախագահը նշել է, որ ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղիներն ու ծովային նավահանգիստները միավորում են երկրների տնտեսություններն ու ժողովուրդներին։

Տոկաևն ընդգծել է, որ իրենք տեսնում են Հարավային Կովկասում հեռատես առաջնորդության արդյունքները և ողջունել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձևավորվող հաշտեցման գործընթացը։ Նրա խոսքով՝ տասնամյակներ տևած առճակատումից հետո երկու երկրների մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի ու Արևմուտքի միջև կապերի զարգացման համար։

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցությունը, ունենալով ամուր քաղաքական կամք և զգալի տնտեսական ներուժ, կարող է աջակցել խոշոր անդրսահմանային նախագծերի իրականացմանը։ Տոկաևի խոսքով՝ առաջարկվող ռազմավարությունը կօգնի ուսումնասիրել տարածաշրջանի հիմնական միջազգային տրանսպորտային երթուղիների ներուժը։ Դրանց թվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, Միջին միջանցքը և TRIPP նախաձեռնությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment