«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադարձել է ԵԽԽՎ կողմից երեկ ընդունած բանաձևին, որն իր համար անընդունելի է։
Նա ընդգծել է, որ բանաձևը խայտառակություն է, քանի որ այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ, միաժամանակ, տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղաբանտարկյալների մասին, որ պարզապես անհասկանալի է։
«Չնայած դրան, այնտեղ առկա է առնվազն 3 կետ, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու, սակայն դրա մասին պետք է իմանալ։
Առաջին՝ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այնտեղ հստակ գրված է «tensions between state and church»։ Այսինքն, այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, որ իբր սա եկեղեցու դեմ չի և այլն, և այլն, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է արժանավորում պետության և եկեղեցու միջև։
Երկրորդ. նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը և որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները, զեկույցում հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը, պետական ռեսուրսի սխալ օգտագործումը։
Երրորդ՝ հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնու՞մ եք ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները, ինչքան անհնար է այն չնկատել կամ կոծկել, որ անգամ հաշվի առնելով Փաշինյանի ցանկացած արարքը արդարացնելու և չբարձրաձայնելու որոշ միջազգային կազմակերպությունների մոտեցումները՝ իրենք չեն կարողացել դրա մասին չներառել այս զեկույցում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զեկույցում մնացած ձևակերպումները իր համար անընդունելի են։
«Չեմ կարող շնորհակալություն չհայտնել ԵԽԽՎ-ին՝ անկախ ամեն ինչից, ևս մեկ անգամ հայ ռազմագերիների հարցը զեկույցում ներառելու և Ադրբեջանից իրենց վերադարձը պահանջելու համար»,-եզրափակել է Մամիջանյանը։