«Բա իրենք որտե՞ղ են ծնվել», ՀՀ անձնագրում ծննդավայրը Ադրբեջան նշելու դեմ բողոքող արցախցիներին ասում է մարդը, որը ընդամենը 7–8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հետեւից գալով իշխանության, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Աղդամում լուսանկարվում էր նուռը բռան մեջ, մակագրելով՝ «Աղդամն իմ հայրենիքն է»։ Այդպես զույգը հեգնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ 2005 թվականի նրա հայտնի հայտարարության համար։
Հիմա, ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ դուրս գալով կառավարության դռնից, հեգնում է արցախցի մեր հայրենակիցներին։ Սա իսկապես՝ ճակատագրի դառը, շատ ծանր հեգնանք է հանրության ու հայկական պետականության հանդեպ առհասարակ։ Ու խնդիրը բոլորովին այն չէ, որ նույն Սիմոնյանը կամ նրա քաղաքական առաջնորդն ու մյուս ճամբարակիցները պետք է վերցնեին զենք ու զրահը եւ գնային ազատագրելու այն ամենը, ինչ կորցրել ենք հենց իրենց իսկ քաղաքական կառավարման ընթացքում։ Տեղի ունեցածը, կորուստները, իհարկե, առանձին հարց են ու կարեւոր քննարկման, եւ թերեւս նաեւ՝ քննության առարկա։
Բայց, երբ ժպիտը դեմքին՝ «Աղդամն իմ հայրենիքն է» մակագրող մարդն այսօր ծիծաղում է իրենց հայրենիքը կորցրած արցախցիների բողոքի վրա, որոնք չեն ուզում, որ ՀՀ իրենց անձնագրում նշվի Ադրբեջանը, դա արդեն ոչ թե քաղաքական իրատեսության հարց է, այլ մարդկային բարոյականության։ Մարդիկ, որոնք ի տես աշխարհի ստիպված են նույն, եւ անգամ առավել ինքնամոռաց դեմքով պնդել ամբողջապես հակառակը մի բանի, որ պնդում էին եւ որով իշխանություն են եկել ընդամենը մեկ տասնամյակից պակաս ժամանակ առաջ, այլեւս ոչ միայն քաղաքականապես են սնանկ, այլ նաեւ բարոյապես։ Եվ այստեղ է, որ պետք է արձանագրել Հայաստանի հետ տեղի ունեցած չափազանց վտանգավոր մի բան․ Հայաստանի պետական քաղաքականությունն անջատվել է մարդկային բարոյականությունից։
Կա մի կարծրատիպ, թե քաղաքականությունն ու բարոյականությունը համադրելի չեն։ Քաղաքականությունն ու բարոյականությունը նույնական չեն, բայց չեն կարող չունենալ համադրելիության իրենց աստիճանը։ Քաղաքականությունն ուժեղ է, երբ իր ներքո ունի բարոյականություն։ Յուրաքանչյուր պետության պարագայում այն իհարկե տարբեր է, ու մեկ այլ պետության համար գուցե նույնիսկ անընդունելի, բայց պետական քաղաքականությունը պետք է ունենա իր մարդկային բարոյականությունը։ Հայաստանի քաղաքականությունը համակված է Ադրբեջանի բարոյականությամբ։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: