Իրանը դրական է արձագանքել ԱՄՆ-ի՝ հրադադարի հայտարարությանը․ ապրիլի 10-ին Իսլամաբադում կմեկնարկեն բանակցությունները


Իրանի  Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10֊ կետանոց առաջարկը։


 


ԱՄՆ-ն, ըստ Իրանի Անվտանգության խորհրդի, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում, վերացնել պատժամիջոցները, թույլատրել ուրանի հարստացումը շարունակել և դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից։


 


ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ:


 


Կառույցը նաև սպառնացել է արձագանքել ամբողջ ուժով, եթե ԱՄՆ-ն հրադադարի ընթացքում թույլ տա «ամենափոքր սխալը»։


 


«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։


 

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։


 

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։


 

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։


 


Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր  երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։

Դիտումների քանակ6

Leave a comment