«Երևանի չափ տարա՞ծք»․ ինչու է «Ուժեղ Հայաստան»-ի համեմատությունը սխալ

Արմեն Մկրտչյան, #CivilNetCheck

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Ջերմուկում առաջ է եկել Երևանի մոտավոր տարածքի չափով։ 

«Այստեղ հակառակորդը առաջ է եկել Երևանի չափ մոտավորապես տարածք, առաջ է եկել հայկական սուվերեն տարածքում»,- պնդել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ Ջերմուկը երբեք սահմանային չի եղել, սակայն այժմ դարձել է սահմանային։

2022-ին սեպտեմբերյան հարձակման ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին նաև Ջերմուկի ուղղությամբ՝ հետագայում խորանալով և այնտեղ դիրքեր հաստատելով։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը բազմիցս անդրադարձել է այդ հատվածում Ադրբեջանի իրականացրած ամրաշինական ու շինարարական աշխատանքներին՝ արբանյակային լուսանկարներով ցույց տալով նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը։

Սակայն արդյոք Կարապետյանի պնդումը, թե Ադրբեջանը Ջերմուկի հատվածում առաջ է եկել մոտավորապես Երևանի տարածքի չափ, համապատասխանո՞ւմ է իրականությանը։

Ինչ տվյալներ է ներկայացնում «Ուժեղ Հայաստանը»

#CivilNetCheck-ը դիմել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ հաշվարկների հիման վրա է Նարեկ Կարապետյանը նման պնդում արել։

Կուսակցությունից տրամադրել են երկու քարտեզ։ Առաջին քարտեզում ներկայացված է Ջերմուկի հատվածը, որտեղ կարմիր շերտով նշված է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում վերահսկվող հատվածը։ Քարտեզում կարմիրով նշված է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքը, որի մակերեսը, ըստ քարտեզի հեղինակների, կազմում է մոտ 80 քառակուսի կիլոմետր (կմ²)։ 

Քարտեզը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության տրամադրած նյութերից

Երկրորդ պատկերում ներկայացված է Երևանի քարտեզը, որտեղ կուսակցությունը դեղին գծով նշել է մայրաքաղաքի վարչական սահմանները։ Հատկանշական է, որ այդ սահմանների մեջ ներառվել են, օրինակ, Քասախ և Զովունի գյուղերը, որոնք չեն մտնում Երևանի վարչական սահմանների մեջ, այլ գտնվում են Կոտայքի մարզում։ Նշված սահմանները չեն արտացոլում քաղաքի չեն արտացոլում քաղաքի ճշգրիտ վարչական պատկերը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից մեզ տրամադրած՝ Google Earth-ի քարտեզային տեսողական գործիքներով նշմարված Երևանի պատկերը

Ըստ քարտեզում կիրառված տեսողական չափման գործիքի՝ Երևանի առանձնացված տարածքի մակերեսը ներկայացվել է շուրջ 9,8 միլիարդ քառակուսի ֆուտ, որը համարժեք է մոտ 93 կմ²-ին։ Սա ավելի քան երկու անգամ փոքր է Երևանի իրական վարչական տարածքից։

Ինչպես է կառուցված համեմատությունը

#CivilNetCheck-ը ամիսներ առաջ արբանյակային լուսանկարների հիման վրա հետաքննություն էր հրապարակել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի գրավված հատվածների վերաբերյալ։ Ըստ ուսումնասիրության՝ Ջերմուկի հատվածում Ադրբեջանը վերահսկում է մոտ 75 կմ², ինչը մոտ է «Ուժեղ Հայաստան»-ի նշած 80կմ²-ին։

Սակայն, ըստ Վիճակագրական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի տվյալների՝ Երևանի վարչական տարածքը կազմում է ոչ 93 կմ², ինչպես հաշվարկել է «Ուժեղ Հայաստանը», այլ 223 կմ²։ Փաստացի, «Ուժեղ Հայաստան»-ի տրամադրած քարտեզի տվյալներն ու նշված սահմանները հստակ չեն համընկնում պաշտոնական տարածքային հաշվարկների և Երևանի վարչական սահմանների հետ։

Էկրանապատկերը Երևանի քաղաքապետարանի կայքից

Այսպիսով, Ջերմուկի հատվածում նրանց նշած տարածքը՝ 80 կմ², կազմում է Երևանի մակերեսի մոտ 35 տոկոսը։ Հետևաբար Նարեկ Կարապետյանի «մոտավորապես Երևանի չափ տարածք» ձևակերպումը փաստացի ճշգրիտ չէ և մոլորեցնող է։

The post «Երևանի չափ տարա՞ծք»․ ինչու է «Ուժեղ Հայաստան»-ի համեմատությունը սխալ appeared first on CIVILNET.

Leave a comment