Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին

Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբն անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

«Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով մի քիչ ավելի ցածր է Բելառուսից։ Չեմ բացառում, որ այս խաղում հայերին պակասում էր թիմի ավագ Սպերցյանը, սակայն, ամեն դեպքում, ֆուտբոլը թիմային խաղ է, և մեկ ֆուտբոլիստի համար բարդ է ազդել վերջնական արդյունքի վրա։

Հաղթելը միշտ հաճելի է։ Այն, որ Վիկտոր Գոնչարենկոն հավաքականում աշխատանքը սկսել է երկու հաղթանակով, միանշանակ կավելացնի բելառուս ֆուտբոլիստների վստահությունն ու մոտիվացիան։ Կարծում եմ՝ նախորդ երկու խաղերը բելառուսներին կմիավորեն Եվրո-2028-ի ընտրական փուլից առաջ»,- Լոնդոնի «Արսենալի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Բելառուսի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։

Leave a comment