Առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Գորիսում կոալիցիա կազմած «Գործարար» կուսակցությունը կմասնակցի նաև Աբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը։
2016 թվականին հիմնված «Գործարար» կուսակցությունը միայն մեկ ընտրությունների է մասնակցել, ստեղծման տարում՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում և որևէ արդյունք չի գրանցել։ Անցնող տասը տարիների ընթացքում քաղաքական որեւէ գործընթացի մեջ չներգրավված կուսակցությունը, ինչու հանկարծ որոշեց ակտիվանալ 2026-ի ՏԻՄ ընտրություններում և միանգամից արժանացավ ՔՊ-ի ուշադրությանը։ «Մեր ուժը բարձր ենք գնահատել, որոշել ենք մասնակցություն ունենալ հնարավորինս բոլոր տեղերում»,- ասաց Բաղդասարյանը։ Գյումրու ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը Բաղդասարյանը բացատրում է նրանով, որ ընտրություններին մասնակցել են որպես նոր ձևավորված ուժ, շատ հարցերում չէին հասցրել ճիշտ դիրքավորվել։
Հարցին, թե հիմա ձեզ որտեղից ցուցիչ, որ այս անգամ կհաջողեք, Բաղդասարյանը զարմանքով արձագանքեց․ «պարզ չի՞ ում հետ ենք համագործակցում»։
Բացի Գորիսում ձևավորած «Համերաշխություն» դաշինքից, որի ցուցակը գլխավորելու է Առուշ Առուշանյանը, «Գործարար» կուսակցությունը կմասնակցի նաև Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում տեղի ունենալիք ՏՒՄ ընտրություններին։ «Աբովյանի ընտրություններին մասնակցում ենք առանձին, մեր թեկնածուն գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանն է»,- ասաց նա։
Գեղամ Բաղդասարյանը իրեն և կուսակցությունը չի համարում ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր, բայց չի կիսում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և հանրության այն տեսակետները, որ հանձնել են Արցախը, կամ որ դավաճան իշխանություն են։ Չընդդիմադիր և չիշխանական գործիչը, բայց չի համարում որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Էդուարդ Բաբայանի երբեմնի ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները նա որակում է բացառապես իրավական։
Irakanum.am