Կլիմայի փոփոխության մարտահրավերները Հայաստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր կլիմայի փոփոխությունը համարվում է ամբողջ աշխարհի ամենակարևոր և քննարկվող խնդիրներից մեկը։ Այն ազդում է ոչ միայն բնության, այլ նաև՝ տնտեսության, մարդկանց կենսակերպի և երկրների զարգացման վրա։ Հայաստանը նույնպես անմասն չի մնում այս գործընթացներից։ Այս կարևոր թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանի հետ։

Տիկին Բուդոյան, որո՞նք են այսօր Հայաստանի առջև կանգնած ամենահրատապ կլիմայական խնդիրները։

Հայաստանը, որպես Հարավային Կովկասի լեռնային և ցամաքով շրջապատված երկիր, հատկապես զգայուն է կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրի կլիմայում նկատվում են տաքացման հստակ միտումներ։
Մասնավորապես, 1935 թվականից սկսած միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1.7°C-ով, իսկ տեղումների քանակը նվազել է մոտ 18.9%-ով։
Կլիմայական կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4.7°C, իսկ տեղումները կարող են շարունակել նվազել։
Այս փոփոխությունները հանգեցնում են արտակարգ եղանակային երևույթների հաճախացման՝ երկարատև ջերմային ալիքների, երաշտների, կարկտահարության, ուշ գարնանային ցրտահարությունների, առատ տեղումների։ Դրանց հետևանքով աճում են նաև բնական աղետների՝ հեղեղումների, սողանքների, սելավների և անտառային հրդեհների ռիսկերը։

Ինչպե՞ս են կլիմայական փոփոխությունները ազդում Հայաստանի համայնքների և տնտեսության վրա։

Կլիմայական փոփոխությունները հատկապես ծանր ազդեցություն են ունենում գյուղական համայնքների վրա, քանի որ դրանց բնակչությունը մեծապես կախված է բնական ռեսուրսներից։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ վերջին 25 տարիների ընթացքում կլիմայական աղետները Հայաստանի տնտեսությանը հասցրել են ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։
Գյուղատնտեսության ոլորտը հատկապես խոցելի է։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով նվազում է բերքատվությունը, դեգրադացվում են արոտավայրերը, հաճախակի են դառնում գյուղատնտեսական արտադրանքի կորուստները։
Խնդիրներ են առաջանում նաև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Ձնհալքից սնվող գետերի հոսքերը նվազում են, քանի որ հալոցքը տեղի է ունենում ավելի վաղ։ Արդյունքում ամռան վերջում առաջանում է ջրի պակաս։
Այս գործընթացները վտանգ են ստեղծում նաև Հայաստանի կարևորագույն ջրային պաշարի՝ Սևանա լճի համար։

Ի՞նչ քայլեր է իրականացնում պետությունը կլիմայական ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն զարգացրել է կլիմայական քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակները։
Կարևոր քայլերից մեկը «Կլիմայի մասին» օրենքի ընդունումն է (2026թ.), որը ստեղծում է համակարգված քաղաքականության իրականացման իրավական հիմք։ Բացի այդ, կլիմայական քաղաքականությունը հիմնված է նաև միջազգային պարտավորությունների վրա, մասնավորապես՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում սահմանված ազգային հանձնառությունների վրա։
Կառավարությունը մշակել է մի շարք ոլորտային ծրագրեր՝ ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում կլիմայական հարմարվողականության ուղղությամբ։ Այս ծրագրերը ներառում են իրավական բարեփոխումներ, ենթակառուցվածքների զարգացում, նոր տեխնոլոգիաների ներդրում, տվյալների հավաքագրման և մոնիթորինգի համակարգերի բարելավում, համայնքային մակարդակում հարմարվողականության ծրագրերի իրականացում։

Ի՞նչ հեռանկարներ կան վերականգնվող էներգիայի զարգացման համար Հայաստանում։

Հայաստանը նպատակ ունի կառուցել ավելի մաքուր և էներգապես անկախ ապագա՝ զարգացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրները։
Այս ոլորտը կարևոր է նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար, քանի որ արտանետումների ամենամեծ բաժինը հենց էներգետիկայի ոլորտին է բաժին ընկնում։ Պետության ռազմավարական նպատակներից մեկն է մինչև 2030 թվականը արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել առնվազն 15%-ի։
Վերջին տարիներին այս ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել․ արևային կայանների ընդհանուր հզորությունը մի քանի անգամ աճել է՝ հասնելով հարյուրավոր մեգավատների։

Տիկին Բուդոյան, իսկ ի՞նչ առաջնահերթ քայլեր են անհրաժեշտ կլիմայական քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Կլիմայի մասին» օրենքի ընդունումից հետո նախատեսվում է մշակել մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք ավելի հստակ կսահմանեն տարբեր կառույցների պարտականությունները և համագործակցության մեխանիզմները։
Նախատեսվում է նաև ստեղծել կլիմայի փոփոխության հարցերով հատուկ խորհուրդ, որը կաջակցի կառավարությանը քաղաքականության մշակման և միջազգային պարտավորությունների իրականացման գործընթացում։
Հայաստանի նոր ազգային կլիմայական հանձնառությունների համաձայն՝ մինչև 2035 թվականը նախատեսվում է իրականացնել տասնյակ մեղմման և հարմարվողականության միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ ֆինանսավորումը գնահատվում է հարյուրավոր միլիարդ դրամների չափով։

Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising YouthՀայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան

Leave a comment