ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ՝ արևի տակ». Նարեկ Կարապետյան

Ընթանում է Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովը: Քիչ առաջ ելույթ ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը. «Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՛ պաշտպանական պոտենցյալ, և՛ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա տասը տարին է որոշելու, թե որ երկիրն ու ազգը տեղ կունենան արևի տակ: Վստահեցնում եմ, որ մեր անվտանգային ծրագրերով ու դիվանագիտական մոտեցմամբ, ազգի պոտենցյալը համախմբելով, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ՝ արևի տակ»,- ասաց նա:

«Մենք գտնվում ենք մի վայրում՝ Ջերմուկում, որից 5 կմ հեռավորության վրա՝ Հայաստանի սուվերեն տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր: Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության ու խաղաղության համար, Ջերմուկը դրա վառ օրինակն է:

Միջազգային անվտանգության համակարգը աշխարհում խորը վերափոխումների է ենթարկվում, երկրորդ համաշխարհայինից հետո եկած աշխարհը այլևս չկա, նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել, իսկ այն ինստիտուտները, որոնք կոչված էին ապահովել արդարություն ազգերի ու պետությունների մեջ շփման՝ այսօր կաղում են, կորցրել են իրենց հեղինակությունը: Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՜ պաշտպանական պոտենցիալ, և՜ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա 10 տարին է որոշելու, թե որ երկիրը ու որ ազգը տեղ կունենա արևի տակ:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն, իսկ այսօր այն խարխլված է: Մեր անվտանգային ծրագիրը ներառում է 6 կետ, առաջին կետը՝ ուժեղ դիվանագիտությունն է, որը կբերի Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն, երկրորդը՝ բանակի վերափոխումն է, երրորդը՝ պաշտպանված երկինքն է, իսկ չորրորդը՝ խելացի սահմաններն են»,- նշել է նա:

Leave a comment