Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ՝ անազատության մեջ գտնվող անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքերին առնչվող խնդիրները դիտարկելու նպատակով։
Մեր այցերի ավարտին ընդգրկուն զեկույց կպատրաստեմ․ մինչ այդ՝ ամփոփ․
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՔԿՀ–այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան վատ են, եթե ոչ՝ սարսափելի, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։
Պատահական չէ, որ Նուբարաշենին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
Ի դեպ, պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն կալանավորված և ազատությունից զրկված անձանց համար, նաև աշխատակազմի, այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ստորաբաժանման ողջ անձնակազմի համար։
Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։
Խնդրի լուծումն ուղղակի ՀՐԱՏԱՊ է, պետական առաջնահերթություն։
Պետության անմիջական և անհետաձգելի պարտականությունն է սեփական քաղաքացիների՝ ծառայություն իրականացնողների, նաև դատապարտված կամ կալանավորվածների կյանքի իրավունքի և արժանապատվության երաշխավորումը։
ԱԲՈՎՅԱՆ/ կանանց և անչափահասների ՔԿՀ/– այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։
ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ– aյս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։
Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել։
Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։
Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։
ՍԵՎԱՆ ՔԿՀ–կառանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ԿԱԼԱՆՔԻ ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։
Որոշ ՔԿՀ-ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։
Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։
Արձանագրվող այս պատկերը ոչ թե ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։
2025թ. կալանավայրերում արձանագրված ԱՆՆԱԽԱԴԵՊ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք, իմ համոզմամբ, նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ։ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։
Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։
ԶԲՈՍԱՆՔ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ– Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20 կգ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։
Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք։
Հ․Գ․ Նկարները համացանցից, Արմավիրից և Աբովյանից կարող էին լավ նկարներ լինել, բայց նկարելու սահմանափակություն ունեինք։
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: