Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ նշված վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Չհասկացանք, թե ինչ էր կատարվում, բայց տեսանք, որ երիտասարդ մի տղայի, ում պարանոցի հատվածից արյուն էր հոսում և նրան առաջինը օգնության հասան Լեմկինի փողոցում գործող «Opera Suite hotel»-ի աշխատակիցները և լավ էր բավականին արագ, կարելի է ասել 2-3 րոպեում շտապօգնության բժիշկները ժամանեցին ու այդ տղային նախ առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց։ Թե ինչն էր պատճառը, ով էր, դա դեռ չգիտենք։ Դա երևի ոստիկաններն ու քննիչները կպարզեն։ Մի բան հաստատ է, եթե շտապօգնությունը մի քիչ ուշանար՝ հնարավոր է վիրավորի կյանքը փրկել չհաջողվեր»։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a comment