Աժ–ում մեկ աշխատավարձի չափով է եղել վերջին պարգևավճարը. Ալեն Սիմոնյանն ընդհատեց Ռուբինյանին

Բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակվում են ամեն տարվա ամռան ամիսներին, կտեսնեք, ոչ մի գաղտնիք չկա, հանգիստ եղեք։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ–ում կրկին պարգևավճարներ են ստացել, որքան է այն կազմել։

«Թափանցիկության պակաս լինում է այն դեպքում, երբ ինչ-որ բան չի հրապարակվում, ամեն ինչ կհրապարակվի, հանգիստ եղեք»,–ասաց նա։

Իսկ այդ պահին այդտեղով անցնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց և դիմելով Ռուբինյանին՝ ասաց. «Ասեք, որ մոտավորապես մեկ աշխատավարձի չափով է եղել։ Կարող են բոլոր 700 աշխատակիցների ստացածը գումարել իրար և ասեն, որ դա աստղաբաշխական է, իսկ եթե դոլարի վերածեն, ավելի հետաքրքիր ու լավ ռեպորտաժ կստացվի»։

Ինչ վերաբերում է նրան, որ վարձատրության նոր մեխանիզմը հնարավոր է՝ կապ ունի սպասվող ընտրությունների հետ, քանի որ որոշակի ակնկալիք կա պետական ծառայողներից ընտրություններում, Ռուբինյանն ասաց. «Ոչ, որովհետև որովհետև ընտրության նախօրյակին չի վարձատրության նոր մեխանիզմը ներդրվել։ Այն ներդրվել է ամիսներ առաջ։ Նոյեմբերը ընտրության նախօրյա՞կ է։ Կան նաև «հակակոռուպցիոն փորձագետներ», որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառք է։ Կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը»։

Ինչ վերաբերում է նրան, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս իր փոդքասթում անդրադարձել էր պարգևավճարների թեմային, Ռուբինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել և պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին և այսպես շարունակ։ Դատախազությունը իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 միլիոն դոլարը, թող առանց երկարացնելու բերեն մուծեն բյուջե։ Դա մի քանի հազար տարվա պարգևավճար կլինի»։

Leave a comment