Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում կրկին տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք հայտնի անձանց անուններով գովազդում են ներդրումային հարթակներ։ Վերջին գրառումներում օգտագործվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, երգիչ Միհրան Ծառուկյանի, ինչպես նաև բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանի (Haydalek) անունները։
Տարածված գրառումներից մեկին կցված լուսանկարում, որը ստեղծվել է արհեստական բանականությամբ, պատկերված է Միհրան Ծառուկյանը՝ ոստիկանությունում։ Նշվում է, թե Ծառուկյանին սպառնում է ազատազրկում։ Գրառմանը կցված է հղում, որտեղ իբրև երգիչը պատմում է ներդրումային հարթակի մասին։
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանի մասնակցությամբ տարածվում է տեսանյութ, որում բլոգերն իբրև ռուսերեն պատմում է գործիքի մասին, որի շնորհիվ նա «արագ գումար է աշխատել»։
Գագիկ Ծառուկյանի լուսանկարով գրառմանն էլ կցված հոդվածում պատմվում է իբրև վերջինս գովազդել է «արագ հարստանալու» ներդրումային հարթակ՝ խոստանալով բարձր եկամուտներ։
Սակայն այս բոլոր հրապարակումները կեղծ են. Դրանք նպատակ ունեն օգտատերերին ներգրավել կասկածելի ներդրումային հարթակներում, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների։
Հորինված հարցազրույցներ
Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ գրառմանը կցված է falveronix[.]space կայքի հղում, որն արտաքին ձևավորմամբ և լոգոտիպով նմանակում է News.am կայքին։ Այստեղ հրապարակված հոդվածում ներկայացվում է իբրև Միհրան Ծառուկյանը խոսել է ներդրումների կարևորության մասին և գովազդել AI Revenue Booster հարթակը՝ պնդելով, թե այն հնարավորություն է տալիս փոքր գումարներով ստանալ եկամուտ։ Սակայն այս հարցազրույցը հորինված է, իսկ կայքը ձևավորված է այնպես, որ նմանվի հայտնի լրատվամիջոցի՝ վստահություն ներշնչելու և օգտատերերին մոլորեցնելու համար։
Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ կցված է domeraxivo[.]site դոմեյնի հասցեն, որն էլ արտաքին ձևավորմամբ և լոգոտիպով նմանակում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը։ Հոդվածում ներկայացվում է նաև գոյություն չունեցող հարցազրույց Ծառուկյանի և «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի միջև, որի ընթացքում նա իբր խոսում է «Immediate Fortune» ներդրումային հարթակի մասին՝ պնդելով, որ ընդամենը 100 դոլար ներդնելով հնարավոր է շաբաթների ընթացքում «հարյուր հազարավոր դոլարներ վաստակել»։ Առաջին անգամ չէ, որ այս հորինված հարցազրույցը օգտագործվում է Ծառուկյանի մասնակցությամբ կեղծ գրառումներում, ինչին #CivilNetCheck-ը անդրադարձել է։
Այս հորինված պատմությունների նպատակն օգտատերերին ներդրումային հարթակների գրանցման էջ հասցնելն է․ կայքը պահանջում է մուտքագրել անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար։ Տվյալները լրացնելուց հետո քաղաքացիների հետ կապ են հաստատում զեղծարարները՝ ներկայանալով որպես ֆինանսական խորհրդատուներ։
Մանրամասները՝ «Ինչպես են քաղաքական գործիչների անուններով փող կորզում սոցցանցերում»
Զանգահարողները հոգեբանական տարբեր հնարքներով փորձում են համոզել քաղաքացիներին իրական դրամական փոխանցումներ կատարել իրենց հաշվեհամարներին։ Սկզբում կորզելով փոքր գումար՝ նրանք հաճախ պահանջում են նաև ավելի մեծ փոխանցումներ՝ պատճառաբանելով, թե դա անհրաժեշտ է միջնորդավճարների կամ կուտակված «շահույթը» կանխիկացնելու համար։
Ինչ վերաբերում է բլոգեր Haydalek-ի մասնակցությամբ տեսանյութին, ապա այն կեղծ է։ Ինչպես պարզել են media.am-ի մեր գործընկերները, այն ստեղծվել է դիփֆեյք տեխնոլոգիայի միջոցով՝ օգտագործելով իրական տեսանյութից վերցված կադրեր և արհեստականորեն գեներացված ձայն։
Մանրամասները՝ Haydalek-ի անունից տարածվող տեսանյութը կեղծ է.
Այսպիսով, հայտնի անձանց անուններով տարածվող այս հրապարակումները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել օգտատերերին՝ նրանց ներգրավելով կասկածելի ներդրումային սխեմաներում, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների։
The post Ծառուկյանների և Haydalek-ի անուններով խաբեություն․ ինչպես են սոցցանցերում գումար կորզում appeared first on CIVILNET.