Կառավարությունը 350 մլն դրամ կհատկացնի Մարզահամերգային համալիրին՝ 2026-ի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 19-ի նիստի ժամանակ։
Շինությունների և ենթակառուցվածքների նորոգման մրցույթում 573 մլն դրամի առաջարկով հաղթող է ճանաչվել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն։
Թեև նախագծանախահաշվային ընդհանուր արժեքը կազմել էր շուրջ 739 մլն դրամ, կառավարությունն այս փուլում պահուստային ֆոնդից հատկացնում է հրատապ պահանջվող 350 մլն դրամը՝ աշխատանքները մինչև 2026-ի մայիսի 4-ն ավարտելու նպատակով։
Սեդրակյանների ընտանիքին պատկանող ընկերությունը, որի սեփականատերը նախկինում ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, վերջին տարիներին պարբերաբար խոշոր պատվերներ է ստանում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական ծրագրերում։
Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը։
***
Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 1 մլրդ դրամ։
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ին՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
The post Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը կնորոգի Մարզահամերգային համալիրը՝ Եվրոպական գագաթնաժողովին ընդառաջ appeared first on CIVILNET.