Վիզաների ազատականացման ժամկետը կախված է հայկական կողմի աշխատանքի որակից․ ՆԳ նախարար

Հայաստանի կառավարությունը մշակում է ներքին ճանապարհային քարտեզ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման համար: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 

Ըստ նախարարի՝ եվրոպական կողմը գործողությունների ծրագրով որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսել, և գործընթացի արագությունը բացառապես կախված է հայկական կողմի իրականացրած աշխատանքների որակից ու տեմպից: 

«Մենք ճանապարհային քարտեզ ենք մշակում Հայաստանի կառույցների համար, որպեսզի յուրաքանչյուրս մեր ներսում իմանանք, թե մեզանից կախված ո՛ր գործողության համար ինչպիսի վերջնաժամկետ ենք տեսնում իրականացնելու համար, որ մեր քաղաքացին կարողանա վիզաների ազատականացման երկխոսության արդյունքները հնարավորինս շուտ տեսնի»,- ասել է նախարարը։

Սարգսյանը վստահեցրել է, որ չնայած արտաքին սահմանափակումների բացակայությանը, կառավարությունը ներգերատեսչական մակարդակում որդեգրել է սեղմ ժամկետներում գործելու սկզբունքը: 

Հայկական կողմի գնահատմամբ՝ մի շարք միջոցառումներ արդեն իսկ կատարված են, և սպասվում է առաջին գնահատման զեկույցը, որը պետք է արձանագրի գրանցված առաջընթացը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի տարբեր ոլորտներում նոր ստանդարտների ներդրումն ու բարեփոխումների իրականացումն է, ինչը հիմք կհանդիսանա քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համար:

The post Վիզաների ազատականացման ժամկետը կախված է հայկական կողմի աշխատանքի որակից․ ՆԳ նախարար appeared first on CIVILNET.

Leave a comment