«Քաղաքացին «ապագա» է գոռացել, բայց «նախկինի» մասին հեքիաթն է շարունակում լսել»․ Վահագն Սարոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է հիշում կամ ով գիտի, ինչ նորություն կա Աջափնյակի մետրոյից: Արդեն սարքե՞լ են…
     Ոչ իհարկե` դա եղել է հերթական օդ-փուչիկային նախագիծը, որը տարիներ շարունակ խոսում ու ներկայացնում էին որպես նորույթ, քաղաքի զարգացում, որպես պատմական քայլ, որպես զարգացման խորհրդանիշ։
     Բայց իրականությունը պարզ է՝ 7 տարի նույն դասարանում մնացած թիմը ո՞նց կարող է մետրոյի կայարան կառուցել: Իրենց մոտ շուտ փշրվող ասֆալտն է լավ ստացվում:
     Դրա համար, Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը մինչ օրս չկա։ Չկա շինարարություն, չկա շահագործում, կա միայն աղմուկ դրա մասին։
     Իսկ հիշո՞ւմ եք, «Սեպուհ 1» հայկական մեքենաների արտադրության մասին մեծ-մեծ հայտարարությունները… Թե բա «Հայաստանը մտնում է ավտոմոբիլային շուկա», «հայկական մեքենա», «նոր էջ տնտեսության մեջ» ևայլն…
     Իսկ ի՞նչ ունենք այսօր։
     Ոչ գործարան, ոչ սերիական արտադրություն, ոչ շուկա, պատկերը նույնն է՝
     մեծ հայտարարություններ, ընտիր ինքնաPR, հետո ինչպես միշտ` «թռնել սեփական խոստումներից»:
     Այսօրվա կառավարիչները սիրում են աղմկել նախագծի մասին, գովել, գովերգել ու ոչինչ չանել: Նախագիծը կամ դրա իրականացումը կարևոր չէ այս իշխանությունների համար, այլ կարևոր է դրա շուրջ ստեղծված աղմուկն ու PR-ը:
     Այն ինչը հայտարարել են այսքան ժամանակ` հավելելով, թե շուտով լավ կլինի, այս 8 տարիների ընթացքում միայն վատ է եղել, քաղաքացին «ապագա» է գոռացել, բայց միշտ «նախկինի» մասին հեքիաթն է լսել… ու շարունակում է լսել:
     Եթե քաղաքացին հարցնի, թե ի՞նչ ավարտված գործեր կան, իրականում ցույց տալու բան ՉԿԱ: Տեսարանները միայն աղմուկի մասին են»:

Leave a comment