Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով հիշատակվում են կալանավորված պոդքասթերները 

Լուսինե Վարդանյան

Եվրոպայում մամուլի ազատությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի. այս մասին ասվում է երեքշաբթի հրապարակված Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության հարթակի (Հարթակ) նոր տարեկան գնահատման մեջ։ «Վտանգավոր սահմանագծին։ Մամուլի ազատություն 2025» խորագրով զեկույցը զգուշացնում է, որ ամբողջ աշխարհամասում շարունակվում են իրավական ճնշումները, քաղաքական միջամտությունները և լրագրողների նկատմամբ աճող թշնամական վերաբերմունքը։ Մեդիաազատության դեմ լուրջ սպառնալիքների վերաբերյալ ահազանգերի թիվը վերջին տասնամյակում կայուն աճել է՝ միայն 2025-ին հասնելով ավելի քան 330-ի։ Հայաստանի մասով զեկույցը հիշատակում է պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորումը։

Զեկույցը պատրաստել են Լրագրողների անվտանգության հարթակի 15 գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն և ARTICLE 19-ը։ Այն նկարագրում է վատթարացող միջավայր, որը բնութագրվում է չարաշահող դատական հայցերով, հսկողությամբ, կալանավորումներով և մեդիայի նկատմամբ քաղաքական հարձակումներով։

Ռուսաստանը եվրոպական երկրներից ամենաշատ լրագրող բանտարկած երկիրն է, նրան հետևում են Ադրբեջանը, Բելառուսը և Թուրքիան․ Եվրոպայի խորհուրդը մարտի 3-ին Բրյուսելի մամուլի ակումբում ներկայացրեց «Շրջադարձային կետում. Մամուլի ազատություն 2025» զեկույցը, որը հիմնված է «Լրագրողների անվտանգության» հարթակի ահազանգերի վրա։

Զեկույցում մտահոգիչ երկրների մասին ընդարձակ անդրադարձ կա՝ Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Հունգարիա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա։

Չնայած Հայաստանն այս ցուցակում չէ, բայց 2025-ի վերջին այն առաջին անգամ գրանցվել է հարթակում` պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խուլիգանության մեղադրանքով կիրառված նախնական կալանքի պատճառով։

Անցած տարեվերջին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իմնեմնիմի» պոդքասթի վարողների և պահանջել հրապարակային ներողություն խնդրել հաղորդումներից մեկում իրեն «վիրավորելու» համար։ Սոցիալական ցանցերում տարածվել էին կադրեր, թե ինչպես են ԱԱԾ դիմակավորված անձինք բնակարանից տանում Սամսոնյանին։

2025-ի ավարտին եվրոպական երկրներում կալանավորված էր 148 լրագրող։ Ադրբեջանն այժմ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում առաջատարն է բանտարկված լրագրողների թվով (36), իսկ Եվրոպայում երկրորդն է։  

Գունել Սաֆարովան, որը Ադրբեջանից արտաքսված և երկրում որևէ աշխատող չունեցող Abzas Media-ի գլխավոր խմբագիրն է, զեկույցի ներկայացման ժամանակ նշեց, որ «ադրբեջանական մամուլը դարձել է նավթի գերի», քանի որ դրա արտահանումը կաշկանդում է Եվրոպային ավելի կոպիտ լինել։

Զեկույցում Ադրբեջանի հանրային հեռարձակողը ներկայացվում է որպես խմբագրական և ֆինանսական անկախությունից զուրկ կառույց։ 

«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի այն երկու անդամ պետություններից մեկն է, որոնք վերջին տարիներին փաստացի դադարեցրել են Հարթակի հետ բովանդակային երկխոսությունը։ Հարթակի գործընկերները շարունակում են պատրաստակամություն հայտնել քննարկումների համար և խորհուրդ են տալիս Ադրբեջանին վերականգնել գործնական հաղորդակցումը և տրամադրել բովանդակային պատասխաններ ահազանգերին»,- նշվում է զեկույցում։

«Օրուելյան» հիմնավորմամբ օրենքներ ու սահմանափակումներ ընդունած երկրներից է ներկայացվում նաև Վրաստանը, որտեղ գործում է Ռուսաստանում ծնված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: Այն պարտադրում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող մեդիա և քաղաքացիական կազմակերպություններին գրանցվել որպես «օտար պետությունների շահերը հետապնդող կազմակերպություններ»։ Չնայած զանգվածային բողոքներին, միջազգային դատապարտմանը և նախագահի վետոյին՝ օրենքը ընդունվեց։

«Բացի այդ, կազմակերպությունները պարտավոր են կառավարության կամ կառավարության կողմից նշանակված մարմնի համաձայնությունը ստանալ՝ Վրաստանից դուրս ցանկացած դրամաշնորհ ստանալու համար։ Օտարերկրյա ֆինանսավորումից զրկված, ենթարկվելով գրաքննության, իրավական հետապնդումների և շարունակական տնտեսական ճնշումների՝ Վրաստանում անկախ մեդիան և քաղաքացիական հասարակությունը կանգնած են գոյատևման եզրին»,- ասվում է զեկույցում։

The post Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով հիշատակվում են կալանավորված պոդքասթերները  appeared first on CIVILNET.

Leave a comment