«Չէինք սպասում, որ ՀՀ իշխանություններն այսօր կլինեն այստեղ, կհարգեն Սումգայիթում սպանվածների հիշատակը, միակ չակերտավոր հերոսական քայլը, որ արել են, հայտարարություն տարածելն է»․ Արամ Սարգսյան

«ԼՂ  ժողովուրդը ինքնորոշման իրավունքի շնորհիվ խաղաղ ճանապարհով ուզում էր դուրս գալ Ադրբեջանի կազմից, և մենք ստացանք Սումգայիթ»․ Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ անցկացված հավաքի ընթացքում՝ նվիրված Սումգայիթում սպանված հայերի հիշատակին, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։

Ըստ նրա՝ մենք պետք է հասկանայինք, որ գործ ունեինք ոչ թե բարեկամի, այլ թշնամու հետ, որը մինչև այսօր իրականացնում է ցեղասպանություն․ «Նույնը կատարվեց Կիրովաբադում, նույնը եղավ Մարաղայում, Բաքվում։ Հետո շարունակվեց արդեն պատերազմի գործողություններով և նաև Արցախի հայաթափմամբ։ Այստեղ է, որ ՀՀ ղեկավար կոչվածները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել, որ թույլ չտային՝ հայաթափվեր Արցախը»։

Արամ Սարգսյանն ասաց՝ չէին սպասում, որ ՀՀ իշխանություններն այսօր կլինեն այստեղ և գոնե մի ծաղկեպսակ կբերեն և հիշատակը կհարգեն․ «Միակ բանը, որ արել են, հայտարարություն է եղել ԱԳՆ կողմից։ Սա իրենց համար չակերտավոր հերոսական քայլ է։ Բայց մեր գործողությունները լինելու են հետևողական և շարունակական»։

Սումգայիթում սպանված հայերի հիշատակին նվիրված հավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment