Ի՞նչ է անելու ԵՄ «հիբրիդային արագ արձագանքման խումբը» Հայաստանում․ Տիգրան Դադունցը մանրամասնում է

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը չի կարծում, որ Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու ԵՄ մտադրությանը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ միջամտության մասին խոսք չկա, խոսքը աջակցության մասին է՝ տեխնիկական, մասնագիտական․ «Հաշվի առնելով ԵՄ մեր գործընկերների լավագույն փորձը, այդ հարցերի վերաբերյալ լավ ինստիտուցիոնալ փորձ ունեն, մենք պատրաստ ենք այդ փորձն իրենցից վերցնել, իրենք էլ պատրաստ են այդ փորձով կիսվել եւ ես որեւէ վատ կամ խնդրահարույց բան այդտեղ չեմ տեսնում»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ իրենց փորձը միտված է որեւէ տարածաշրջանում ՌԴ-ի դեմ աշխատելուն, փոխնախարարը հակադարձեց․ «Եկեք այդպես չմեկնաբանենք։ Օրինակ, ԿԸՀ-ն սահմանադրական լիազորություն եւ մանդատ ունի ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու, որպեսզի ընտրությունների օրինականությունն ապահովվի․ դա տարբեր դրսեւորումներ կարող է ունենալ, օրինակ, օրենքին հակասող քարոզչության իրականացումը կամ օրենքը շրջանցող նվիրատվությունների իրականացում։ Հիմա, եթե մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում, որպեսզի կարողանանք այդ դրսեւորումների դեմ պայքարել, դա նաեւ մեր քաղաքացիների շահերից է բխում, իրենց քվեն ապահովված է լինելու»։

Լրագրողի դիտարկմանը՝ եվրոպացինե՞րը պիտի այդ ամենը հայտնաբերեն, բանախոսն արձագանքեց՝ ասելով, որ տեխնոլոգիական այնպիսի զարգացում կա, որ հնարավոր է մեր մասնագետները չնկատեն շատ բան, իսկ նման փորձ ունեցող մասնագետներն արագ կնկատեն։

Հարցին՝ հնարավո՞ր է խորհուրդ տան ինչ-որ քաղաքական ուժի չգրանցել, քանի որ նրանք խոսում են հայ-ռուսական հարաբերությունների բարելավման մասին, ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին, փոխնախարարը պատասխանեց՝ ոչ, իսկ եթե անգամ նման խորհուրդ լինի էլ, գրանցումները իրականացվում են ՀՀ օրենքին համապատասխան եւ եթե օրենքին հակասող բաներ չլինեն, չգրանցելու խնդիր չի լինի։

Հիշեցմանը, որ համանման խումբ Մոլդովայի ընտրությունների ժամանակ էր այդ երկրում աշխատում եւ արդյունքը տեսանելի էր՝ հասարակական պառակտման խորացում, փոխնախարարն ասաց, որ մոլդովական դեպքի հետ զուգահեռներ չի ցանկանում անցկացնել, դա համարում է այդ երկրի ներքին գործը, բայց հայտարարում է՝ ժողովրդավարության ամրապնդման աջակցություններից հրաժարվել պետք չէ։ Նա չի կիսում լրագրողների կարծիքը, որ Եվրոպական կառույցները վաղուց շեղվել են ժողովրդավարական ճանապարհներից եւ խնդիրները քաղաքական ազդեցության դաշտ են մտել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment