Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնել նրանց (ամերիկյան կողմին) հակամարտությանը վերջ դնելու ջանքերի և բանակցություններին մասնակցելու համար։
«Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնց վրա մեր ներկայացուցիչները կաշխատեն վաղը Ժնևում երկկողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև մարտի սկզբին եռակողմ ձևաչափով բանակցային թիմերի հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Հուսով ենք, որ սա հնարավորություն կտա անցնելու առաջնորդների մակարդակով բանակցություններին»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ, Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Զելենսկին Թրամփի հետ զրույցում հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի այս տարի, ԱՄՆ նախագահն էլ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսից: