«Թեհրանը արտարածաշրջանային ուժերի միջամտության նկատմամբ զգայուն է, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է [այդ] երկրների համագործակցությամբ տեղի ունենա». հայտարարել է Իրանի Պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։ Այդ մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Բրիգադի գեներալն ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն ու արտաքին միջամտությունների դեմ պայքարի կարևորությունը․
«Որոշ միջամտություններ չարամիտ են և կարող են ձեռնոց նետել տարածաշրջանի կայունությանը», -ասել է իրանցի պաշտոնյան։
Հայաստանի ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն իր հերթին հանդիպման արդյունքներով հայտարարել է. «Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է ժամանել փետրվարի 23-ին։
The post Թեհրանը զգայուն է արտարածաշրջանային ուժերի միջամտության նկատմամբ. Իրանի ՊՆ appeared first on CIVILNET.