Մեկնարկեց Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած մամուլի ասուլիսով այսօր մեկնարկեց Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին փառատոնի այս տարվա ծրագիրը, 20-օրյա նոր ձևաչափի առանձնահատկությունները, միջազգային համագործակցություններն ու առաջիկա մշակութային նախաձեռնությունները։

Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Անդրադառնալով փառատոնի նշանակությանը՝ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից է, որը ոչ միայն նպաստում է դասական երաժշտության տարածմանը, այլև Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման միջոցով Հայաստանը դարձնում միջազգային մշակութային երկխոսության հարթակ։ Նման նախաձեռնությունները կարևոր են հատկապես այն առումով, որ միավորում են տարբեր սերունդների, միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և երիտասարդ կատարողների՝ ստեղծելով նոր համագործակցությունների ու ստեղծագործական զարգացման հնարավորություններ։

Փառատոնի այս տարվա գեղարվեստական հայեցակարգի և նոր ձևաչափի մասին խոսելով՝ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց.

«Մեր նպատակն է ընդլայնել փառատոնի բովանդակային շրջանակը՝ դասական համերգային ծրագրերը համադրելով կրթական, ճանաչողական և ստեղծագործական նախաձեռնությունների հետ։ Մեզ համար կարևոր է, որ Խաչատրյանի անունը լինի ոչ միայն համերգային բեմում, այլև հասանելի դառնա երեխաների և երիտասարդների համար՝ երաժշտության, կրթության և արվեստի տարբեր դրսևորումների միջոցով»։

Այս տարի փառատոնի ծրագիրը ներառում է սիմֆոնիկ և կամերային համերգներ, միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթներ, կրթական նախաձեռնություններ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլ մշակութային միջոցառումներ։

Փառատոնի բացման շրջանակում նոյեմբերի 26-ին և 27-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կներկայացվի աննախադեպ համերգային ծրագիր։ Երկու երեկոյի ընթացքում երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի կոմպոզիտորի բոլոր հինգ դաշնամուրային կոնցերտները։

Փառատոնի մյուս համերգներին ելույթ կունենան նաև աշխարհահռչակ ալտահար Թիմոթի Ռիդաութը, դաշնակահարներ Մայա Օհանյանն ու Ալեքսանդր Մալոֆեևը, բանդոնեոնահար և ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ կատարողներ։

Փառատոնի կարևոր ուղղություններից է երիտասարդների ներգրավումը։ Այդ նպատակին են ծառայում կրթական ծրագրերը, երիտասարդ երաժիշտների համերգները, երեխաների համար նախատեսված ինտերակտիվ նախաձեռնություններն ու ստեղծագործական նախագծերը։ Այս համատեքստում առանձնահատուկ տեղ ունի դեկտեմբերի 12-ին կայանալիք Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը։

Հատուկ միջոցառումների շարքում են նաև «Խաչատրյանի օրորոցայինները», «Խաչատրյանը՝ իմ աչքերով» ցուցահանդեսը, «Խաչատրյանի գույները» մանկական գունազարդման գրքի շնորհանդեսը, «Միասին նվագենք Խաչատրյան» համերգը՝ Երևանի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ, և Արամ Խաչատրյանի ու Վիլյամ Սարոյանի կյանքն ու ստեղծագործական աշխարհը ներկայացնող գրական-երաժշտական հանդիպումը։

Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգով՝ նվիրված հայ երաժշտագետ, պրոֆեսոր Իրինա Տիգրանովայի հիշատակին։

Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը։

Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ռազմավարական գործընկերը՝ «Մինեքս» ընկերությունը, գործընկերը՝ Visa-ն։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (EFA) անդամ է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment