Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնել է՝ Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում են ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ODIHR)՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցության իրավունքների հնարավոր խախտումների վրա։
«Հիշյալ կառույցի գործունեության առանցքային ուղղություններից են ժողովրդավարական ընտրությունների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովման հարցերը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց տված երդմանը, դատավորի բարձր առաքելությանը, չտրվել որևէ քաղաքական կամ այլ բնույթի ճնշման և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։
Կարծում ենք, որ բոլորը գիտակցում են. իրավունքի խախտմամբ կայացված դատական ակտը բողոքարկվելու է նաև ՄԻԵԴ, որտեղ մենք հետևողականորեն հետամուտ ենք լինելու այդ խախտումների արձանագրմանը, ապա՝ դրա հիման վրա պատասխանատվության հարցի բարձրացմանը»,- նշել է Պապոյանը։
Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը ավելի վաղ ահազանգ էր հնչեցրել Մասիս համայնքում ընտրություններից առաջ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով նոր զարգացումների և ընտրություններին նրա մասնակցությանը հնարավոր խոչընդոտներ ստեղծելու մասին։