«Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, դու ոտնահարում ես նրա հերոսությունը»․ Անաստաս Իսրայելյան

«Ալեն Սիմոնյան, մարդ է զոհվել, արյուն է թափել, դու այսօր ոտնահարում ես նրա հերոսությունը։ Դու նրա հերոսությունը ո՞ր օրն ես հիշելու, այդ մարդկանց մեծամասնությունը զոհվել են Արցախում, հանուն ՀՀ-ի, կյանքը դրել են այդ հողի համար հանուն հպարտ հայ լինելու»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ցույցի ժամանակ վրդովվեց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ արցախցիներին ուղղված հայտարարություններին։ 

Նա մտահոգություն հայտնեց նաև նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի ընդգրկված չլինելու փաստի կապակցությամբ․ «Անկախության հռչակագիրը մեր ազգի, մեր ամեն մեկի ծննդյան վկայականն է։ Դա ծնվել է Արցախի ազատագրումից հետո։ Ով մարդ է դարձել, Արցախի ազատագրումից հետո է դարձել, Արցախի անունով են բոլորը եկել, ղեկավարներ դարձել, հարստություն ձեռք բերել։ Հիմա եկել է ժամանակը Արցախի համար պայքարելու, եթե դրա համար չես կարողանալու պայքարել, իրավունք չունես ոչ երկրի ղեկավար լինելու, ոչ ազգի անունից խոսելու, ոչ էլ հայ անելու։ Սա թուրքացման ծրագիր է»։

Փաստելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իրեն հեռացնել, Անաստաս Իսրայելյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն ամեն օր ասում է՝ հեռացրեք ինձ, ես խնդիր չեմ տեսնում այդ մարդուն հեռացնելու, այլ խնդիր տեսնում մեր ժողովրդի մեջ, տարբեր դաշտերում։ Այսօր եկել եք Սահմանադրության մասին եք խոսում, այդ խնդիրը դեռ մեկ տարի առաջ է եղել, այսօր ինչի՞ եք խոսում»։

Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Անաստաս Իսրայելյանը, դիմելով ժողովրդին, ասաց․ «Երեք միլիոն վարչապետներ, տեսա՞ք՝ ոնց ձեզ խաբեցին․ վարչապետը նոր սահմանադրությամբ մենակ կարող է ընտրվել ԱԺ պատգամավոր»։

Արցախցիների բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment