Իտալիան դեմ է արտահայտվել Եվրամիության՝ 2028–2034 թթ․ համար առաջարկված բյուջեին։ Վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ միջոցների բաշխումն անարդար է համարում։
Արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում Մելոնին ընդգծել է, որ ԵՄ-ի երկարաժամկետ բյուջեի շուրջ համաձայնության գալը դեռ հեռու է։ Հռոմն ակնկալում է ընդհանուր բյուջեից ավելի մեծ մասնաբաժին ստանալ, քան նախատեսված է ներկայիս նախագծով։
«Մենք լուծումից շատ հեռու ենք։ Մենք «ոչ» ենք ասում այս առաջարկին, քանի որ ավելի քիչ ենք ստանում, քան ներդնում ենք», — ասել է Մելոնին մամուլի ճեպազրույցի ժամանակ։
Իտալիայի վարչապետը նաև նշել է, որ թեև կոնկրետ ժամկետներ չի սահմանում, սակայն առաջ է քաշել որոշակի պայմաններ և առայժմ լավատեսորեն տրամադրված չէ։
ԵՄ-ի նոր յոթնամյա բյուջեի (2028–2034 թթ․) շուրջ բանակցություններն ուղեկցվում են անդամ երկրների միջև տարաձայնություններով։ Հյուսիսային Եվրոպայի երկրները պահանջում են կրճատել ծախսերը, մինչդեռ Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրները հանդես են գալիս ֆինանսավորման ավելացման օգտին։ Վեճի առարկա է դարձել նաև նոր հարկեր սահմանելու առաջարկը, որին դեմ են արտահայտվել Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ։