«Սա պարզապես համերգ չի լինելու, այլ իրական կախարդանք, որտեղ դասական արվեստն ու ապագայի տեխնոլոգիաները ջնջում են իրականության սահմանները». Էդուարդ Թոփչյան

Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» աշխարհի ամենահայտնի ու ամենաշատ բեմադրվող բալետն է, որը դարձել է ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների համաշխարհային խորհրդանիշ, անցել է անհաջող պրեմիերայից մինչև համաշխարհային տրիումֆի երկար ճանապարհ: 1892 թ. Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Պետիպայի և Իվանովի բեմադրությունից հետո այս բալետը քննադատների կողմից սառն է ընդունվել: Հիմնական պատճառը երեխաների չափազանց մեծ թվով ներգրավվածությունն է եղել բեմադրության մեջ: Փոխարենը՝ Չայկովսկու երաժշտությունը հենց պրեմիերայի առաջին ներկայացումից հետո բարձր է գնահատվել հատկապես հանդիսատեսի կողմից և սկսել է հնչել համերգասրահներում՝ որպես սյուիտ: Իսկ բալետն առաջին անգամ Ռուսաստանից դուրս բեմադրվել է 1934 թ. Լոնդոնում:

Ամերիկյան բումը՝ այս ստեղծագործության հետ կապված, մեկնարկել է 1944 թ. Սան Ֆրանցիսկոյում, սակայն մասնագետների պնդմամբ՝ այն համաշխարհային ֆենոմեն է դարձել 1954 թ. Բալանչինի նյույորքյան բեմադրության շնորհիվ: Եվ հենց դրանից հետո ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ երկրներում ձևավորվել է դեկտեմբեր ամսին «Մարդուկ-Ջարդուկը» դիտելու ավանդույթը:

Նշենք, որ տարբեր ժամանակներում այս բալետը բեմադրել են այնպիսի համաշխարհային մեծության խորեոգրաֆներ, ինչպիսիք են Նուրիևը, Գրիգորովիչը, Վայնոնենը, Բորնը, Մորիսը: Անցած տասնամյակների ընթացքում լրագրողների հետաքննության արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ բալետային խմբերի, հատկապես Հյուսիսային Ամերիկայում, տարեկան տոմսերի վաճառքի 40-50%-ն ապահովում են միայն դեկտեմբերին ցուցադրված «Մարդուկ-Ջարդուկի» ներկայացումները՝ ֆինանսավորելով թատրոնների ամբողջ տարվա ստեղծագործական գործունեությունը:

Երևանի օպերային թատրոնում «Մարդուկ-Ջարդուկը» ձմեռային խաղացանկի ամենասպասված ներկայացումներից է (բեմադրող բալետմայստեր՝ Գեորգի Կովտուն, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան), որն ամեն տարի՝ պրեմիերայից հետո, դեկտեմբեր-հունվար ամիսներին, սկսած 2021 թվականից, ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճներում: Այս տարի ներկայացման մեկնարկը նշանակված է դեկտեմբերի 5-ին:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր իրականությունում առաջին անգամ համաշխարհային այս գլուխգործոցը պատրաստվում է վերածել գերժամանակակից տեսալսողական հրավառության՝ միաձուլելով այն այս շոուի համար ստեղծված 3D անիմացիայի և նորագույն պրոյեկցիոն տեխնոլոգիաների հետ: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց. «Սա պարզապես համերգ չի լինելու, այլ իրական կախարդանք, որտեղ դասական արվեստն ու ապագայի տեխնոլոգիաները ջնջում են իրականության սահմանները, որտեղ յուրաքանչյուր նոտա կենդանանում է, իսկ դահլիճը վերածվում հսկայական հեքիաթային տիեզերքի՝ պարգևելով բոլորովին նոր զգացողություններ ու անկրկնելի հույզեր»:

Մանրամասնելով՝ հավաստիացրեց հետևյալը. «Կլարայի և Շչելկունչիկի հետ միասին հանդիսատեսը կհայտնվի Սուրբ Ծննդյան գիշերվա ամենաառեղծվածային արկածներում. կհայտնվի Մկների թագավորի դեմ մղվող դինամիկ ու կատաղի ճակատամարտի կիզակետում, կշրջի ձմեռային շողշողուն ու կախարդական անտառի խորքերով, կբացահայտի Քաղցրավենիքների թագավորության վառ, գունեղ ու քաղցրահամ աշխարհը: Ավելին, այդ երեկո հանդիսատեսը պարզապես հանդիսատես չի լինելու, այլ դառնալու է հեքիաթի լիիրավ մասնակիցը»:

Տեղեկացնենք, որ ՀԱՖՆ-ի «Շչելկունչիկ — կախարդական իմերսիվ շոուն» կմեկնարկի դեկտեմբերի 20-ին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment