Արկտիկական ցրտի ալիքի հետևանքով Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններից բնական գազի դուրսբերման ծավալները հասել են ռեկորդային մակարդակի, հայտնում են «Գազպրոմի» փորձագետները։
Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4 աստիճանով, իսկ գազապահեստարաններից գազի օրական դուրսբերման ծավալը գրեթե կրկնապատկվել է։
Gas Infrastructure Europe (GIE) ասոցիացիայի տվյալներով՝ եվրոպական գազապահեստարանների լցվածության մակարդակը նվազել է մինչև 68.41%, ինչը վերջին հինգ տարիների համադրելի ժամանակահատվածի միջին ցուցանիշից ցածր է 17.66 տոկոսային կետով։
Գերմանիայում, որն ունի Եվրոպայում գազի պահպանման ամենամեծ հզորությունները, պահեստարանների լցվածության մակարդակը նվազել է մինչև 55%։ Գազի դուրսբերման ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Ֆրանսիայում։
Վերջին յոթ օրվա ընթացքում գազի զուտ դուրսբերման միջին օրական ծավալը կազմել է 275 մլն խորանարդ մետր՝ հնգամյա միջին ցուցանիշից 14,7%-ով պակաս։
Եվրամիության գազապահեստարանների ընդհանուր ակտիվ տարողությունը կազմում է 110 մլրդ խորանարդ մետր։ Եվրոպան նաև հեղուկացված բնական գազի (LNG) համաշխարհային խոշորագույն ներմուծողն է։
Կանխատեսումների համաձայն՝ հեղուկացված բնական գազի ամսական ներմուծման ծավալը կարող է կազմել 8,9 մլն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 7%-ով։