«TRIPP-ի զարգացման ընկերությունան» տնօրենների խորհուրդը 5 անդամ կունենա, որից 2-ը՝ ՀՀ կողմից

Կառավարությունը հավանություն է տվել «TRIPP-Ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվել է ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը:

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։

Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս, հայտնում է Aysor.am-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։

«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասել է նա։

Բաժնետիրական համաձայնագրով կկարգավորվեն կողմերի միջև հարաբերությունները, կսահմանվեն նրանց իրավասություններն ու բաժնետոմսերից բխող իրավունքների իրացման առանձնահատկությունները։

Հայկական կողմի գործընկեր «TDC US, inc»-ը հիմնադրվել է ԱՄՆ Դելավեր նահանգում։ Ընկերությունն ամբողջությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի սեփականությունն է, գրում է Sputnik Արմենիան:

Համաձայնագրով սահմանվելու է հարցերի 16 խումբ, որոնց առնչությամբ որոշումների ընդունման համար պարտադիր է լինելու երկու կողմերի համաձայնությունը։

Դրանց թվում են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքում և ծրագրերում երրորդ կողմերի ներգրավումը, ներդրողների ընտրությունը, կոնցեսիոն պայմանագրերի պայմանների որոշումը, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը, գնումների քաղաքականության սահմանումը և այլ հարցեր։

Համատեղ ընկերության ստեղծումն իրականացվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ հայ–ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում։ Այս փաստաթուղթը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 1–ին Վաշինգտոնում և հունիսի 4–ին Երևանում, վավերացվել էր հոկտեմբերի 28–ին և ուժի մեջ մտել նոյեմբերի 11–ին։

Leave a comment