Արցախը ձեր իշխանության համար կարող է լինել փակված քաղաքական էջ, բայց հայի համար այն հայրենիք է. Մետաքսե Հակոբյանն՝ Ալեն Սիմոնյանին

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, ով, անդրադառնալով արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելուն, ասել էր. «Բա որ Ադրբեջան չեն ծնվել, որտե՞ղ են ծնվել»։

«Բա որտե՞ղ են իրենք ծնվել»։ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է։

Երկրի իշխանության ներկայացուցիչը, բերանը ծռած, աչքերը չռած, ծաղրական տոնով հարցականի տակ է դնում Արցախում ծնված մարդկանց ծննդավայրը։ Նա վիրավորում է մի ամբողջ ժողովրդի, որը ծնվել, ապրել, արարել, պետություն կառուցել և իր հայրենիքի համար կյանքեր է զոհել Արցախում։

Ալե՛ն, հարյուր հազարավոր հայեր ծնվել են Արցախում, այնտեղ, որտեղ նրանց հայրական տունն է, ծնողների գերեզմանները, մանկության հիշողությունները, դպրոցը, եկեղեցին, իրենց ամբողջ կյանքը։

Ու քեզ թվում է մենք հրաժարվելո՞ւ ենք մեր հայրենիքից, ծննդավայրից, որովհետև ձեր իշխանությունը հրաժարվել և հանձնել է Արցախը։

Արցախի Հանրապետությունը հանձնելու մասին ձեր իշխանության ընդունած որոշումը չի կարող լուծարել Արցախի ժողովրդի պատմությունը, ինքնությունը, իրավունքը և հայրենիքի հետ կապը։

Եվ մի՛ փորձեք պետական փաստաթղթի տեխնիկական ձևակերպումների հետևում թաքցնել քաղաքական պատասխանատվությունը։ Հարցը ծննդավայրի դաշտում գրվելիք բառը չէ։ Հարցն այն է, թե ինչո՞ւ է հայ մարդը զրկվել իր հայրենիքում ապրելու իրավունքից, ինչո՞ւ է դարձել փախստական սեփական երկրում և ինչո՞ւ է այսօր ստիպված սեփական ծննդավայրն ապացուցել նրանց, ովքեր պարտավոր էին պաշտպանել նրա հայրենիքը։

Ձեր ծաղրական «բա լո՞ւրջ» արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության բոլոր պաշտոնական պարզաբանումները։

Արցախը ձեր իշխանության համար կարող է լինել փակված քաղաքական էջ, բայց հայի համար այն հայրենիք է։ Եվ ոչ մի իշխանություն իրավունք չունի իր քաղաքական կապիտուլյացիան պարտադրել որպես ժողովրդի պատմական հիշողություն։

Ամոթը ոչ թե Արցախում ծնված լինելն է, ամոթը սեփական ժողովրդի հայրենիքի կորստի հետ հաշտվելն ու այդ կորստի մասին ծաղրական տոնով խոսելն է։

Ամոթը հակահայ իշխանություններ ունենալն է…»,- նշել է Հակոբյանը։

Leave a comment