Եվրամիությունը մտադիր է ստեղծել մինչև 50 մլրդ եվրո (54.8 մլրդ դոլար) ծավալով ներդրումային հիմնադրամ՝ եվրոպական տեխնոլոգիական ընկերություններին աջակցելու նպատակով։ Միջոցները նախատեսվում է ուղղել առաջին հերթին արհեստական բանականության և քվանտային հաշվարկների զարգացմանը՝ տարածաշրջանի կախվածությունը ԱՄՆ-ից և Չինաստանից նվազեցնելու համար։
Ինչպես գրում է Financial Times-ը՝ հղում անելով նախաձեռնության քննարկմանը մասնակցող երկու պաշտոնյայի, նոր մեխանիզմը կկոչվի Sovereign Tech Equity Fund (STEF)։ Նախատեսվում է, որ այն ներդրումներ կկատարի եվրոպական ընկերություններում ավելի երկարաժամկետ կտրվածքով և ավելի մեծ ռիսկեր կստանձնի, քան ԵՄ-ում գործող ֆինանսավորման ծրագրերը։
Եվրահանձնաժողովը մտադիր է հիմնադրամի սկզբնական կապիտալը ձևավորել բյուջետային միջոցների հաշվին՝ մասնավոր ներդրողներից լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու նպատակով։ Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ պետական ֆինանսավորման յուրաքանչյուր եվրոյի դիմաց նախատեսվում է ներգրավել մինչև 6 եվրոյի լրացուցիչ ներդրում։
Հիմնադրամը հնարավորություն կունենա ձեռք բերել բաժնեմասեր տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ արհեստական բանականության համակարգեր և քվանտային տեխնոլոգիաներ մշակող ձեռնարկություններում։ Այս մոտեցումը Եվրամիությանը թույլ կտա մասնակցել հեռանկարային մշակումների ֆինանսավորմանը ոչ միայն դրամաշնորհների, այլև ընկերությունների կապիտալում ուղղակի ներդրումների միջոցով։
FT-ի տվյալներով՝ նոր հիմնադրամի գործունեության մանրամասները նախատեսվում է ներկայացնել 2027 թվականի փետրվարին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր մշակել լայնածավալ առաջարկ՝ Եվրամիության տեխնոլոգիական անկախության ամրապնդմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման համար։
Լրացուցիչ ներդրումների անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մրցակցությամբ։ Այս երկրները առաջ են անցել եվրոպական պետություններից՝ առաջատար տեխնոլոգիաների ֆինանսավորման ծավալներով։
Միևնույն ժամանակ, հիմնադրամի վերջնական կառուցվածքը, ֆինանսավորման աղբյուրները և ընկերությունների ընտրության կարգը դեռ քննարկման փուլում են։ 50 մլրդ եվրոյի ամբողջական հատկացնելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։